ՀՅԴ-ական ավագանու թեկնածու Արսեն Համբարձումյանի գնահատմամբ, ավագանու ընտրություններին ընտրախախտումները տեղի են ունեցել տեղամասերից դուրս: Այդ պատճառով էլ ՀՅԴ-ն, ի տարբերություն ՀԱԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի, ոչ մի տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ չպահանջեց:
«Եթե խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, քարոզարշավին, պետք է գնահատեմ, որ բնականոն ընթացքի մեջ է եղել, բայց հիմնական ընտրախախտումները տեղի են ունեցել տեղամասային ընտրական հանձնաժողովներից դուրս` վարչաիշխանական ռեսուրսների եւ ընտրակաշառքի տեսքով… Տեղամասերում մեր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջոցով կարողացել ենք այնպիսի վերահսկողություն սահմանել, որ տեղամասերում որեւէ էական խախտում չարձանագրվի: Հետեւաբար արդյունքները բողոքարկելու իմաստը չենք տեսնում: Այսինքն, ինչ տեղի է ունեցել տեղամասային հանձնաժողովի տարածքից դուրս, բողոքարկելով որեւէ կերպ հնարավոր չէ »,- ասաց պարոն Համբարձումյանը:
Նրա խոսքերով, իրենք ընտրությունների օրը իրենց թեժ գծին ստացված բոլոր ահազանգերը փոխանցել են ոստիկանություն. «Մեր անդամները այդ դեպքերի հետ կապված համապատասխան բացատրություններ են տվել, բայց որեւէ ռեալ արդյունք չենք տեսել: Իսկ եթե նման ցանկություն լիներ, շատ հանգիստ հնարավոր էր կանխել այդ ամենը, ինչ տեղի էր ունենում տեղամասային ընտրական հանձնաժողովների տարածքներից դուրս»:
Պարոն Համբարձումյանից նաեւ հետաքրքրվեցինք` ինչո՞վ է բացատրում ՀՅԴ-ի հավաքած քիչ ձայները. «Ընդդիմադիր ընտրազանգվածի մի զգալի մասը ակտիվ մասնակցություն չունեցավ ընտրություններին, դրանով էր նաեւ պայմանավորված, որ ոչ իշխանական ուժերը բավականին քիչ ձայներ հավաքեցին: Երկրորդ պատճառը` մեծ դերակատարում ունեցավ ընտրակաշառքն ու վարչաիշխանական ռեսուրսների կիրառումը, երրորդ պատճառը` մեր համաքաղաքացիները այդպես էլ չհավատացին, որ ավագանու ընտրությունների միջոցով հնարավոր է էական բեկում առաջացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետությունում: Այստեղ ոչ իշխանական ուժերը մտածելու, վերլուծելու խնդիր ունեն` ինչու չհաջողվեց այդ հավատը ներշնչել մեր համաքաղաքացիներին եւ այդ հնարավորությունը օգտագործելով` փորձել իրավիճակ փոխել ամբողջ հանրապետությունում: Հաջորդ պատճառը, որ էլի էական դեր ունեցավ արդյունքների վրա, պետության եւ գործող իշխանության միաձուլման կամ մի դեմքով հանդես գալու մեջ է թաքնված: Մեր երկրում իշխանությունը նույնականացված է պետության հետ, այս պարագայում քաղաքական ուժերը պայքարում են ոչ թե քաղաքական մեթոդներով, այլ ոչ իշխանական ուժերը ստիպված են լինում պայքարել պետական մեքենայի դեմ, եւ այս առումով, ուժերն անհավասար են: Հաջորդ պատճառը կարող է լինել` հասարակական պահանջի չբավարարվածությունը: Հասարակությունն ուզում էր ընդդիմությանը տեսնել միասնական ճակատով, եւ այդ ակնկալիքը չիրականացավ»:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական ավագանու թեկնածուից նաեւ հետաքրքրվեցինք, ինչու ընդդիմադիր ուժերից ընտրողը նախընտրեց «Բարեւ Երեւան» դաշինքին` ավելի շատ ձայներ տալով դաշինքին: «Ժառանգությունը» եւս, ի դեմս «Բարեւ Երեւան» դաշինքի, լուրջ նահանջ է արձանագրել` թե բացարձակ քվեների, թե տոկոսների առումով: Այնպես որ ավելի շատ կամ ավելի քիչ հավաքելու տեսանկյունից պետք չէ դիտարկել: «Բարեւ Երեւան» դաշինքը կարողացավ հաղթահարել նվազագույն շեմը միայն այն պատճառով, որ նախագահական ընտրություններից շատ ժամանակ չէր անցել: Բայց եթե համեմատեք, թե բացարձակ ձայների առումով եւ տոկոսային հարաբերակցությամբ որքան ձայներ էր հավաքել Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ եւ որքան հավաքեց «Բարեւ Երեւանը» ավագանու ընտրությունների ժամանակ, էլի պետք է անդրադառնանք, որ լուրջ նահանջ է արձանագրվել…բոլորն էլ նահանջ են արձանագրել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է լուրջ վերլուծության ենթարկի եւ համապատասխան հետեւություններ անելով ` ճիշտ պայքարի մարտավարություն ընտրեն` հետագա հաջողությունների ակնկալիքով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ