Այսօր «Արցախ» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ընդդիմությունը որեւէ խախտում չկարողացավ փաստարկել. «Եթե ընտրություններին մասնակցում ես ու չունես գոնե 10 հազար մարդ ու վստահում ես, որ անպայման քեզ պիտի ընտրի, կարծում եմ՝ ավելորդ է երեւակայությանը զոռ տալ ու ասել խախտումներ են եղել»:
Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը ժողովրդի մեջ ասոցացվեց՝ որպես միտինգ անող: Նա ընդգծեց, որ հասարակությանը միտինգների ժամանակ հիասթափեցրել են. «Լուրջ ընդդիմության կարիքն իրոք զգացվում է: Այս ընտրությունները որոշակիորեն հաստատեցին այն մոտեցումները, որ իշխանությունները պիտի կարողանան ոչ միայն արդյունավետ աշխատանք ցույց տալ, այլ հասարակության վրա այդ արդյունքները պիտի էականորեն ազդեցություն ունենան: Դա շատ բարդ աշխատանք է»:
Հարցին՝ դիտորդներն ասացին՝ վերացնել կանխիկ դրամի խթանումը, ինչը հասկանալի էր, որ ընտրակաշառքի մասին է, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Վերացական է հնչում, քանի որ դիտորդները որեւէ փաստարկ չունեն, պարզապես կրկնում են ընդդիմության ասածները»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, Դուք էլ եք ընդունում, որ մեր երկրում խնդիրներ կան, լուրջ արտագաղթ կա, դատարկվում է Հայաստանը, ինչպե՞ս եք բացատրում, որ մարդիկ ամեն պատի տակ, ամենուրեք եւ ամեն օր դժգոհում են այս իշխանություններից, բայց մեծամասամբ գնում են ձայնը տալիս են իշխող կուսակցությանը: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չկա մի այլ կուսակցություն: Մենք մի առիթով ասել ենք, որ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա: Ինչ վերաբերում է արտագաղթին, դա բավականին խորը քննության առարկա է, տարբեր կողմերից կարելի է նայել: Նոր սերունդ է աճում, բազմալեզու սերունդ է, օտար լեզուներին լավ են տիրապետում, որոնումների մեջ են: Մյուս կողմից էլ՝ լավ չեն ապրում, կամ ուզում են ավելի լավ ապրել: Բայց դա ամեն օր կրկնել, խոսափող դարձնել, բնական է, որ մարդկանց մոտ մոտեցումներ են ձեւավորվում, ուզում են գնան ինչ-որ մի տեղ ավելի լավ աշխատել: Գնում են, օտար ափերում չեն կարողանում հայրենիքի կարոտին դիմանալ: Դրանք ցավոտ են, բայց ոչ ցավագին հարցեր»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ արտագաղթի համար բազմաթիվ փաստարկներ կարող են լինել: Նեղացվածությունից կարող են մարդիկ գնալ: Մենք ճշտեցինք՝ ումի՞ց են նեղանում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իշխանություններից: Այնպես չի, որ ամեն ինչ լավ է»: Ավելին, Գալուստ Սահակյանը քիչ անց հայտարարեց, որ ներգաղթ կա մեր երկրում, եթե չլիներ, Հայաստանում ո՞նց կլինեին Րաֆֆին ու Վարդանը՝ նկատի ուներ Ր. Հովհաննիսյանին եւ Վարդան Օսկանյանին:
Դիտարկմանը, որ այնպես եք ասում պետական ապարատից նեղացած են, կարծես ընդդիմություն լինեք՝ նա պատասխանեց. «Եթե ընդդիմություն չկա, մենք պետք է եւ դիմություն, եւ ընդդիմություն լինենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
դուք այդ ժայռն էլ եք ձեզնով արել, և դժվար թե մհերը, կամ որևէ մեկը կարողանա դուրս գալ այնտեղից. դուք այդ ժայռի անբաժան մասն եք ցավոք.
<> գրեթե մի նոր իլյիչ :
«Նոր սերունդ է աճում, բազմալեզու սերունդ է, օտար լեզուներին լավ են տիրապետում, որոնումների մեջ են»: Հետաքրքիր է եթե պրն Սահակյանը օտար լեզվի տիրապետեր, մեզ կազատեր իր ներկայությունից: