Լոռու մարզի Մարց գյուղի Մարց գետի վրա նախատեսվում է փոքր ՀԷԿ կառուցել, ՀԷԿ-ի կառուցումը ըստ բնապահպան-ակտիվիստների, նախ կցամաքեցնի գետը, ինչի հետեւանքով էլ տվյալ համայնքի եւ հարակից գյուղերի բնակիչները իրենց հողամասերը ոռոգելու խնդրի առջեւ կկանգնեն:
Այսօր «Հենարան» ակումբում բնապահպան-ակտիվիստ Թեհմինե Ենոքյանն ասաց, որ նախօրեին մի խումբ ակտիվիստներով այցելել են համայնք եւ զրուցել գյուղացիների հետ, համայնքի մեծ մասը դեմ է ՀԷԿ կառուցելուն: Թեհմինեի խոսքերով` մինչ այժմ ընդամենը 1 հանրային լսում է եղել, որին գյուղացիների շատ քիչ մասն է մասնակցել. «Գյուղացիներն ահազանգեցին, որ ստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ, ըստ որի, գյուղապետն ու 6 հոգի տվել են դրական դիրքորոշումն իրենց՝ ՀԷԿ կառուցելու համար: Այս փաստաթղթի ստորագրումից չանցած մեկ շաբաթ, խողովակներ արդեն տարան այդ տարածք, իսկ մայիսի 5-ին գյուղացիներն այդ խողովակները նետեցին ձորը»:
Նախ, ըստ ակտիվիստի, եւս 2 փորձագիտական լսումներ պետք է լինեին, որից հետո նոր բնապահպանության նախարարությունը շինթույլտվություն տար, մինչդեռ առանց այս թույլտվության, ՀԷԿ-ի սեփականատեր Լեռնիկ Սիմոնյանը որոշել է սկսել շինաշխատանքները:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, բնապահպան ակտիվիստ Արման Յարալյանի ներկայացմամբ էլ. «Եթե ՀԷԿ-ի նախագծին «OK»-ը տրվի, ամբողջ գետը առնվելու է խողովակների մեջ, թողքը շատ քիչ է լինելու, իսկ եթե էկոթողքը շատ լինի, դա սեփականատիրոջը ձեռնտու չի լինի, քանի որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա չի կարող ստանա. Գետում էլ այնքան ջուր չկա, որ էկոթողքն էլ շատ անեն: Վերեւից հրահանգ կա, բոլոր փոքր ՀԷԿ-երին «OK» տալ, չնայած որ դրանք «սպանում են» գետերը »:
Կարդացեք նաև
Ակտիվիստների խոսքերով` այս գետի վրա արդեն 2 ՀԷԿ կա, որոնց աշխատանքի հետեւանքով գետը գրեթե ցամաքել է. «Գյուղացիներն այս ամենը տեսնելով, այլեւս 3-րդ ՀԷԿ-ը չեն ուզում, նույնիսկ ասում են` եթե 3-րդն էլ կառուցվի, գետը կվերանվանվի՝ Խողովակամարց գետ»:
Aravot.am-ի այն հարցին, արդյոք ակտիվիստները ծանոթ են ՀԷԿ-ի նախագծին, եւ արդյոք համապատասխանում է մեր օրենսդրությանը, Արման Յարալյանն ասաց. «Նախագիծը նորմալ է, եթե գետի հզորությունը բավականացնի»: Մեր դիտարկմանն էլ, որ նախագիծը ըստ գետի հզորության է գրվում, Արմանն ասաց. «Մեզ մոտ այդ տվյալները խեղաթյուրվում են, որպեսզի ստանան դրական եզրակացություն: Այս գետում եղել է եւ կա Կարմիր գրքում ընդգրկված ձկնատեսակ` Կարմրախայտը, այսինքն ի սկզբանե այդտեղ արգելված է որեւէ գործողություն, ըստ մեր օրենսդրության»:
Մարց գետի վրա արդեն 2 ՀԷԿ կա, ըստ ակտիվիստների, այս 2 ՀԷԿ-երն արդեն ցամաքեցրել են գետը, եւ այդ համայնքի եւ հարակից գյուղերի բնակիչները բավականին տուժում են դրանից. Ոռոգման ջուր չունեն, ձուկ չեն կարողանում որսալ եւ պարզապես, իրենց հանգիստը չեն կարողանում կազմակերպել գետի ափին: Ուստի, գյուղացիները կտրականապես դեմ են, որպեսզի կառուցվի 3-րդ ՀԷԿ-ը:
ՀԵԿ-ը կառուցում է «Մարց էներջի» ընկերությունը, որը Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքեւ, Չիչխան գետի վրա էր ՀԷԿ կառուցել, ինչի պատճառով գետը ցամաքել էր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Խնդրում եմ փոխել Արմանի ազգանունը ..
Արման Յարալյան
Փոխեցինք: Շնորհակալություն դիտողության համար