Կարծում են փառատոնի կազմակերպիչները
«Սա հայ վաստակավոր արտիստների կռիվ-փառատոներից չէ»,- Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի գեղարվեստական խորհրդատու Արմեն Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հենց այսպես բնութագրեց այսօրվանից մեկնարկող «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը:
Նրա խոսքով՝ երիտասարդ ստեղծագործողների համար փառատոնը հիանալի առիթ կստեղծի՝ շփվելու ու համագործակցելու իրար հետ:
Փառատոնի գեղարվեստական խորհրդատուն նշեց, որ տարբեր փառատոներ ժամանակի ընթացքում կարծրանում են ու դառնում որոշ մարդկանց սեփականությունը:
Կարդացեք նաև
«Բոլոր փառատոները կարծրանում են ու դառնում ինչ-որ մի «թայֆի» դաշտ, սկսում են իրար մրցանակներ տալ ու ցուցակագրվել: Աշխարհի փորձը ցույց տվեց, որ ամենապահանջված ու ամենահետաքրքիր փառատոները հենց երիտասարդական-ուսանողական փառատոներն են»,- նշեց Ա. Մազմանյանը՝ նկատելով, որ երիտասարդական փառատոները չեն կարող կարծրանալ. «Եթե երիտասարդ են, չեն կարող կարծրանալ, եթե կարծրացել են, ուրեմն՝ արդեն ծերացել են»,- ասաց ԵԹԿՊԻ ռեկտորը:
Իսկ փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը ոգեւորող համարեց այն փաստը, որ փառատոնին մասնակցելու է շուրջ 130 երիտասարդ, ինչպես Երեւան քաղաքից, անյպես էլ՝ մարզերից:
Փառատոնի տնօրենի խոսքով, փառատոնին մասնակցելու ցանկության հայտնածների մեջ հատկապես աչքի են ընկել Գյումրիի, Վանաձորի եւ Գեղարքունիքի մարզի երիտասարդները:
Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը կմեկնարկի այսօր ու կշարունակվի մինչեւ մայիսի 19-ը: Փառատոնի շրջանակներում երիտասարդ ստեղծագործողներն իրենց գործերը հնարավորություն կունենան ցուցադրելու արվեստի հետեւյալ ոլորտներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ