«Ընտրություններն այսօր Հայաստանում ապացուցեցին մի կարեւորագուն հանգամանք, այն, որ ՀՀ գործող իշխանությունները ստացան ծանրակշիռ մեծամասնություն`երկրորդ պաշտոնավարման շրջանի համար»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ըստ պատգամավորի, դա առաջիկա երեք-չորս տարիների համար հնարավորություն է ընձեռում իշխանություններին, առավել ակտիվ լինել արտաքին քաղաքական նախաձեռնություններում: «Ընտրություններից հետո արդեն ստեղծված ներքաղաքական աջակցության մեծ կապիտալը թույլ է տալիս ավելի ակտիվ եւ վստահ վարել արտաքին քաղաքականության այն բոլոր վեկտորները, որոնք դրված են մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- հայտարարեց պատգամավորը, հիշեցնելով, որ դրանք են`ԼՂՀ հարցը, Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ հասնել միջազգային ճանաչման, Հարավային Կովկասում անվտանգության երաշխիք ստանձնած ՀՀ առաքելությունը`Մերձավոր արեւելքում, Եվրոպական եւ Եվրասիական մերձեցման ծրագրերում, նաեւ ՀՀ միջազգային վարկի բարձրացումը: Հետընտրական Հայաստանն արտաքին ոլորտում փորձելու է նոր որակներ արձանագրել: ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ, մեզանում ընտրական կուլտուրան եւ վստահելիության աստիճանն էլ է բարձրացել:
Ընտրական գործընթացներում դիտորդական տարբեր առաքելությունների գնահատականների մասին էլ ասաց, որ դրանց ցավագին չպետք է վերաբերվել, այլ պետք է բոլոր իրողությունները եւ դիտողությունները հաշվի առնելով առաջ շարժվել`հանուն Հայաստանի ժողովրդավարացման:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին էլ՝ բանախոսն ասաց, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր կոմպլեմենտար քաղաքականությունը, քանի որ, ըստ նրա, մեր հարաբերություններն ու խնդիրները եղել եւ մնում են բազմաշերտ: Արտակ Զաքարյանի կարծիքով, վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա տարիների համար Հայաստանին ձեռնտու է բազմավեկտոր քաղաքականություն վարելը. «Դա մեր պետական շահից է բխում, ՀՀ-ի ներքին եւ արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ այլ հումանիտար նշանակություն ունեցող շահերից: Ես անձամբ չեմ տեսնում արտաքին քաղաքականություն, վեկտորների վերանայումների անհրաժեշտություն»: Իհարկե, բանախոսն այն կարծիքին չէ, որ արտաքին քաղաքականությունը ստատիկ վիճակ է ու հաշվի առնելով ԻԻՀ-ի զարգացումները, Թուրքիայի ներգրավվածությունը Մերձավորարեւելյան գործընթացներում, հարեւանների`Ադրբեջանի եւ Վրաստանի ընտրություններում հնարավոր զարգացումները, Հայաստանի նախագահությունը ԵԽ-ում, Արեւելյան գործընկերության շրջանակներում մեր առաջատար դիրքերը եւ այլն, որոշակի ուղղություններում առաջնահերթություններ ձեւավորեն`պահպանելով բազմավեկտոր, փոխլրացնող քաղաքականությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ