Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Այցի շրջանակում Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդելու է Բելառուսի Հանրապետության նախագահի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը հայ-բելառուսական «ԱՐ ԲԵ» առևտրի կենտրոնում: Իսկ մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են նախագահներ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բելառուսի նախագահն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ԲՀԿ