Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր մտավորականների ինֆանտիլիզմը

Մայիս 13,2013 12:55

Միանգամից ասեմ, որ «Անուշի» ոչ հին, ոչ էլ այսօրվա՝ վիճահարույց  բեմադրությունը  ես օպերայում չեմ տեսել: Լսել եմ այդ օպերայի ձայնագրությունները, ուսումնասիրել եմ պարտիտուրը, ինչպես նաեւ տեսել եմ տաղանդավոր ռեժիսոր Մարատ Վարժապետյանի ֆիլմը՝ այդ օպերայի հիման վրա: Անկեղծ խոստովանեմ՝ Տիգրանյանի այդ ստեղծագործությունը գլուխգործոց չեմ համարում՝ ի տարբերություն Թումանյանի պոեմի, որը դրա համար հիմք է ծառայել: Ավելին՝ ինձ դուր չի գալիս դասական օպերաների «արդիականացված» մեկնաբանությունը, երբ ասենք, Բորիս Գադունովի ժողովներն անցնում են բրեժեւյան պոլիտբյուրոյում, իսկ Տատյանա Լարինան 30-ական թվականների խորհրդային ջուլհակուհի է: Միացրեք «Mezzo» հեռուստաալիքը եւ գրեթե ամեն օր նման ներկայացումներ կդիտեք: Ես միանգանայն նորմալ եմ համարում, որ մի խումբ մտավորականներին «Անուշի» նոր բեմադրությունը դուր  չի գալիս: Այդ խումբը կարող է հանդես գալ լրատվամիջոցներով եւ խստորեն քննադատել այդ ներկայացումը, նրանք կարող են նույնիսկ պիկետ կազմակերպել Ազատության հրապարակում՝ բացատրելով հանդիսատեսին, թե որքան վնասակար է այդ ներկայացումը նայելը: Միակ բանը, որը սխալ էր, անընդունելի էր, խայտառակություն էր՝ դա նախագահին կոլեկտիվ նամակ գրելն էր, ինչպես նաեւ պահանջելը, որ նա վարչական մեթոդներով լուծի ստեղծագործական վեճը: Դրանից ակնհայտորեն «Սովետի հոտ է գալիս»:

Խոսքը, հետեւաբար, ոչ թե «Անուշի»  բեմադրության, այլ մտավորականների՝       հասարարակության առջեւ պատասխանատվության մասին է: Երբ օրը ցերեկով Հայաստանի մայրաքաղաքում 10 հոգի է սպանվում, երբ թաղի խուժանը ընտրություններ է կեղծում, նրանք ոչ մի ծպտուն չեն հանում: (Խոսքն այն մասին չէ, որ նրանք հանդես գան ընդդիմադիր դիրքերից՝ պարզապես գնահատեն մարդկային կյանքը եւ անվտանգությունը): Բայց հենց որ ինչ-որ մի ստեղծագործություն նրանց դուր չի գալիս, չի համապատասխանում «ազգային սրբությունների» մասին իրենց պատկերացումներին, նրանք ընդվզում են եւ, ամենակարեւորը՝ դիմում են «նաչալստվային», որ նա այդ «սրբությունները» պաշտպանի: Այդ պարզունակ պատկերացումը ուղիղ համեմատական է հասարակ  ժողովրդի պատկերացումներին սոցիալական արդարության մասին. «Բա մի հատ Սերժը չհավաքեր հարուստներին, չասեր՝ ձեր գողացած փողերը հանձնեք բյուջե, թե չէ սաղիդ կնստացնեմ»: Ներկայիս նախագահը դա չի անում, մտածում են մարդիկ, բայց կգա մեկը, որը դա կանի: «Բարի թագավորի» մասին առասպելը սնվում է ոչ միայն ընդդիմության պոպուլիզմով, որը քիչ թե շատ անխուսափելի է, այլեւ մտավորականների ինֆանտիլիզմով (ներող կլինեք օտար բառի համար): Նրանց հայացքը բոլոր պարագաներում ուղղված է վերեւ՝ իշխանությանը, նախագահին, որը «ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի մշակույթին», արգելի սերիալները, գռեհիկ հումորը  կամ այն ստեղծագործությունները, որոնք իրենց ճաշակով չեն:

«Վերնախավի» այդ ինֆանտիլ մտածողությունը այսպես թե այնպես փոխանցվում է մնացած հասարակությանը՝ «նախագահ ջան, մի հատ զավոդ բաց՝ աշխատենք»:

Դուք կասեք, որ տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ մտավորականները արտացոլում են հասարակության մակարդակը: Կարող է եւ այդպես լինել՝ խնդիրը հենց այն է, որ նրանք պետք է փոքր-ինչ ավելի բարձր լինեն հասարակական մակարդակից:

Այդպես որ, հարգելի արվեստագետներ, եթե դուք վնասակար եք համարում այս կամ այն գիրքը կամ ներկայացումը, պայքարեք ինքնուրույն՝ «նաչալստվային» մի՛ խառնեք:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, մեր բոլորի ուշադրությունը հրավիրելով այս կարևոր հանգամանքի վրա: Հաճախ եմ լսում, երբ անվանի մտավորականներ, արվեստագետներ սկսում են գովք անել նախագահին,վարչապետին կամ այլ պաշտոնյայի, որ գումար հատկացրեց այս կամ այն փառատոնի, գրքի, հետազոտության, գիտական մասնաշենքի վերանորոգման համար: Զարմանում եմ այդ աստիճան մանկամտության վրա: Միթե նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյան հատկացրեցին իրենց գրպանից, իրենց անձնական գումարից ??? Ուրեմն զարմանալի չէ, երբ ազգի սերուցքը` մտավորականությունը այդ մակարդակի վրա է, ուրեմն ինչ ակնկալել շարքային քաղաքացուց: Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո չստեղծվեց անկախ պետության մտավորական, այլ խորհրդային գիտնականը վերարտադրեց իր հաջորդին` խորհրդային ժամանակների պարտիական շահերի հլու ծառայողի իր կերպարով:
    Մի աբսուրդալի իրողությունն էլ կա, երբ ասում են, թե այս կամ այն պաշտոնյան լավն է, քանի որ իր ժամանակ սկսել ենք աշխատավարձը ժամանակին ստանալ:

  2. Ալեքսանդր says:

    Ինֆանտիլիզմի համար չեմ ներում: հայերեն հոյակապ բառ կա, շատ ավելի հնչեղ ու հասկանալի. մանկամտություն:

  3. Արսեն says:

    Դե ինչ ասես, այսպես ասած մտավորականության գիտելիքներն ու ունակությունները չեն ներում, որ կարողանան լուրջ սուր քննադատական նյութեր գրեն, թեկուզ դաժան եւ անողոք, վերլուծեն, շարադրեն մտքրեը: Արվեստի գնահատման չափանիշներ չունեն, բառապաշարն էլ միայն շատ-շատ “ազգային”, “խայտառակություն”, “վայել չի”, “մեր սրբությունները” , բայց որ հարցնես՝ այդ բառերի իմաստն էլ չեն կարողանա նորմալ բացատրել
    Ոչ էլ այդքան ստեղծագործական ունակություններ ունեն, որ չստացված աշխատանքը ծաղրեն, էլ չեմ ասում, իրանք ավելիլավը առաջարկեն:
    Ծերացող, անպտուղ արվեստագետներ
    Իսկ էս “Անուշը” եթե վատն ա՝ կմոռացվի կգնա, եթե մեջը մի բան կա, կարող ա զարգանա մի ուրիշ բան դառնա, սովորական նորմալ երեույթ ա, ամոթ է նույնիսկ քննարկել այս հարթության վրա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031