«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու իր դիմումի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել Վարչական դատարանում:
«Մերժումը հանձնաժողովի կողմից խիստ ապօրինի էր: Ինձ մերժեցին, որովհետեւ ընտրական օրենսգիրքն ասում է, որ ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկել միայն դաշինքներն ու կուսակցությունները, բայց ես այդ պահին չէի բողոքարկում ընտրությունների արդյունքները, դիմել էի անվավեր ճանաչելու համար: Դեռեւս ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում չկար, որ ես բողոքարկեի: Նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով էլ անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու համար սահմանափակում չկա, թե ով կարող է ներկայացնել. յուրաքանչյուր ոք կարող է դիմել»,- ասաց Դ. Իոաննիսյանը:
Նրա խոսքերով, ինքը ընտրախախտումները բացահայտող մոտ 500 էջանոց ապացույցներով էր գնացել ԿԸՀ, բայց հանձնաժողովականները չեն էլ նայել այդ ապացույցներին «Ահռելի նյութ էր, բայց այդ նյութերով ոնց եկա հանձնաժողով, այնպես էլ դուրս եկա: ԿԸՀ-ին բացարձակապես չհետաքրքրեց այդ ահռելի ինֆորմացիան խախտումների մասին: Նրանք նախապես ունեին իրենց որոշումը: Քննարկումները հանձնաժողովներում կրում են ձեւական բնույթ , որոշումները կայացնում են մինչեւ նիստը»:
Դ. Իոաննիսյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ վերջին որոշմանը, թե ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա, ասաց. «Այդ որոշումը չի արտացոլում այն պատկերը, որը եղել է մայիսի 5-ին: Համարյա բոլոր տեղամասերի գրանցամատյաններում կան խախտումներ… Այդ համատարած խախտումները բավարար էին, որ ԿԸՀ-ն կայացնի վերաքվեարկության մասին որոշում»:
Կարդացեք նաև
Դ. Իոաննիսյանն ասաց` եթե վարչական դատարանը չբավարարի իր հայցը, ինքը դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ