Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է վանաձորցի Տարոնուհի Ավետիսյանի դատաքննությունը:
38-ամյա կինը մեղադրվում է հարազատ եղբորը սպանելու մեջ:
Համաձայն մեղադրական եզրակացության`ամբաստանյալը նախորդ տարվա նոյեմբերին Վանաձորի իր տանը կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել եղբորը`Գարեգին Ավետիսյանին: Վերջինս տեղում մահացել է։
Բացի այդ` դեպքից երկու ամիս առաջ էլ, համաձայն մեղադրական եզրակացության, քրոջ եւ եղբոր վեճը ավարտվել էր վերջինիս առողջությանը ծանր վտանգ պատճառելով:
Կարդացեք նաև
Այդ անգամ էլ, ըստ մեղադրանքի, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ Տարոնուհի Ավետիսյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով երկու անգամ հարվածել էր եղբոր կրծքավանդակի շրջանում` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող
ծանր վնաս:
Տարոնուհի Ավետիսյանը նախկինում դատված չի եղել: Այժմ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ