Երկու տարի ուշացումով Ռիչարդ Բրենսոնը կատարել է պայմանը՝ սափրել ոտքերը, կարմիր շրթներկ քսել եւ աշխատել «Air Asia» ընկերության չվերթներից մեկում:
2010 թվականին, երբ Բրենսոնը դեռ «Ֆորմուլա 1»-ի «Virgin Racing»-ի սեփականատերն էր, գրազ է եկել «Lotus Racing»-ի սեփականատեր Թոնի Ֆերնանդեսի հետ, թե ում թիմն ավելի բարձր տեղ կզբաղեցնի Աշխարհի գավաթի Կոնստրուկտորների մրցավազքում: Ըստ գրազի պայմանի, պարտվողը հաղթողի ավիաընկերությունում պետք է ուղեկցորդուհի աշխատեր: Եվ քանի որ Բրենսոնը պարտվել է, երեկ «պարտքը մարել» է՝ ուղեկցորդուհու հագուստով սպասարկելով «Air Asia»-ի ընկերության Պերտ (Ավստրալիա)-Կուալա-Լումպուր (Մալայզիա) չվերթի օդանավի ուղեւորներին: Նա անգամ, թեեւ ոչ հմուտ, բայց ուղեվորներին ցույց է տվել, թե ինչպես պետք է օգտվել անվտանգության գոտիներից եւ փրկարարական ժիլետներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ