Ջազային վիրտուոզներ Վահագն Հայրապետյանի և Դանիիլ Կրամերի համերգին հաջորդեց նաև երաժիշտների համատեղ՝ «Life in Ekaterinburg» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կայացավ ժամը 22:00-ին՝ «Mezzo» ակումբում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վահագն Հայրապետյանը, ձայնասկավառակը ձայնագրվել է 2 տարի առաջ, երբ ջազմենները համատեղ հյուրախաղերի էին Սիբիրի ու Ուրալի տարբեր քաղաքներում:
«2011թ. փետրվարի 17-ին Եկատերինբուրգում ես և Դանիիլը համատեղ համերգ ունեցանք: Այնտեղի համերգասրահը, գործիքները, ընդհանրապես ամեն ինչ բարձրակարգ էր, ուստի՝ համերգի ձայնագրությունն էլ որակյալ ստացվեց, և ձայնասկավառակը հենց այդ համերգին կատարված ձայնագրություններն է ընդգրկում»,-Aravot.am-ին տեղեկացրեց հայ ջազմենը:
Դանիիլ Կրամերն էլ նշեց, որ համատեղ ձայնասկավառակ ունենալու նախաձեռնությունը Վահագնինն էր. «Շատ երաժիշտների նման, ես ևս վախենում եմ իմ ձայնագրությունները լսելուց, իսկ Վահագնը՝ ոչ, ուստի ձայնասկավառակ ձայնագրելու առաջարկությունը եղավ նրա կողմից: Ես լսեցի «սևագրությունը», այն ինձ դուր եկավ: Հետո Վահագնը ամեն ինչ միայնակ է արել»,-պատմեց ռուս դաշնակահարը:
Վահագնի Հայրապետյանի խոսքով՝ ձայնասկավառակում Եկատերինբուրգի ամբողջ համերգը չէ, քանի որ այն բաղկացած էր երկու մասից. այստեղ միայն 70 րոպեն է: Նա նշեց նաև, որ ձայնասկավառակում կան ջազային ստանդարտներ, սակայն միայն դուետային կատարումներ չեն՝ ներառված են նաև սոլո կատարումներ:
Կարդացեք նաև
«Ձայնասկավառակում կա «Yesterday» կոչվող ստեղծագործություն, որը ջազ է Շուբերտյան տրամադրությամբ, այն ես սոլո եմ կատարում»,-ավելացրեց Դանիիլ Կրամերը:
«Life in Ekaterinburg»-ը ներառում է 12 ստեղծագործություն, թողարկվել է 1000 օրինակով: Ձայնասկավառակի դիզայնով զբաղվել է Հարություն Թումաղյանը:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ