«Մենք ծանոթ ենք 2000 թվականից, շատ համատեղ համերգներ ենք ունեցել, իսկ այսօր ևս մեկ անգամ մեծ պատիվ ունենք Դանիիլ Կրամերին ընդունել մեզ մոտ և դուետով հանդես գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» բենդի ղեկավար Վահագն Հայրապետյանը:
Նա և ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դանիիլ Կրամերը այսօր 2 համերգ են ունենալու:
«Ժամը 19:00-ին դուետով հանդես ենք գալու Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ 22:00-ին «Mezzo classic house» ակումբում»,-նշեցին երաժիշտները:
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում հնչելու են հայտնի ջազային ստանդարտներ, ստեղծագործություններ Պաուլ Դեսմոնդիից, Թելոնիուս Մոնկիից, Ստյուարտ Գորրելլիից, Վինսենտ Յումենսից և այլ ջազային վիրտուոզներից:
Դանիիլ Կրամերը կարծում է, որ իրենց դուետի առանձնահատկությունն իր և Վահագն Հայրապետյանի իրար նման չլինելն է. «Ես դասական երաժիշտ եմ, ով եկել է ջազ, իսկ Վահագնը ծնված է ջազմեն: Ես ամեն ինչ այնքան լավ չեմ նվագում, ինչպես բնածին ջազմենները: Մենք նման չենք, և դրանում է մեր հաջողությունը»:
Մեկ օրում երկու համերգ ունենալը Դանիիլ Կրամերի զբաղվածության պատճառով է. «Շատ զբաղված եմ, իրոք, ժամանակ չունեմ, վաղը առավոտյան վերադառնում եմ Մոսկվա, իսկ երեկոյան այնտեղ պետք է փառատոնի մասնակցեմ»,-պարզաբանեց Կրամերը:
Վահագն Հայրապետյանն էլ ավելացրեց, որ մեծ համերգասրահում համերգ լսելը այլ զգացողություն է, իսկ ակումբում լրիվ այլ է. «Ակումբում տարածքը փոքր է, երկու ռոյալ է լինելու իրար կողքի, ստացվում է, որ մարդիկ շատ մոտ կլինեն, գրեթե մեր կողքին, լիովին տարբեր զգացողություններ են»,-ասաց Վահագն Հայրապետյանը:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ