Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում սպառողներին օգնող ընկերության վարկանիշը 5 անգամ բարձր է պառլամենտի վարկանիշից

Մայիս 12,2013 11:21

IMG_4854IMG_4858Stiftung Warentest կազմակերպությունը Գերմանիայի հասարակության մեջ ունի ամենամեծ վստահությունը՝ 74%: Համեմատության համար նկատենք, որ ոստիկանությանը գերմանացիների 71 տոկոսն է վստահում, դատարաններին՝ 40%-ը, հանրային հեռուստաընկերություններին՝ 39%-ը, եկեղեցուն՝ 32%-ը, մասնավոր հեռուստաընկերություններին՝ 20%-ը, պառլամենտին՝ 14%-ը եւ այլն:

Իսկ ինչո՞վ է այդքան հայտնի եւ վստահելի այս կազմակերպությունը:

Stiftung Warentest-ը, ըստ էության, սպառողների շահերը ներկայացնող կազմակերպություն է, սակայն որեւէ կերպ համեմատելի չէ մեր՝ նմանատիպ կազմակերպությունների հետ:

90%-ով ինքնաֆինանսավորվող, իսկ մնացած 10%-ը իր հիմնադրից՝ Գերմանիայի կառավարությունից, մասնավորապես՝ սննդի, գյուղատնտեսության եւ սպառողների շահերի պաշտպանության նախարարության կողմից ստացող այս ընկերությունը պարբերաբար տեստավորում է տարաբնույթ ապրանքներ եւ ծառայություններ, որ վաճառվում են Գերմանիայում: Ապա տեստերի արդյունքները ներկայացնում է հանրությանը՝ վճարովի կայքի, ամսագրերի եւ գրքերի միջոցով: Այս ճանապարհով մարդիկ տեղեկանում են, թե, ասենք, որ ապահովագրական ընկերությունն է ամենալավը՝ մի քանի չափանիշներով, դեմքի որ կրեմի բաղադրությունն է լավագույնս համապատասխանում ստանդարտներին, որ սպորտային կոշիկն է ամենադիմացկունը, որ բջջային հեռախոսն է՝ գին-որակ հարաբերակցությամբ լավագույնը, որ զբոսաշրջային ընկերության առաջարկներն են խելքին մոտ եւ այլն…

1966 թվականին հիմնադրված այս կազմակերպությունն իր գոյության ընթացքում ավելի քան 7000 տեստ է անցկացրել ավելի քան 100 հազար ապրանքների վրա: Նրա ծառայություններից օնլայն տարբերակով օգտվողների թիվն անցնում է 66000-ը, իսկ տարեկան վաճառվում է 320 հազար օրինակ գիրք:

Կազմակերպությունն իր վստահությունը հասարակության մեջ վաստակել է այսքան տարիների ընթացքում առանց գովազդի աշխատելու եւ այս քանակի տեստեր անցկացնելու արդյունքում ընդամենը մի քանի դժգոհություն, դատարան ուղարկված բողոք ունենալու պարագայում: «Հիսուն տարվա մեջ չի եղել որեւէ դեպք, որ մենք դատարանի որոշմամբ ընկերության համբավին հասցրած վնասի համար փոխհատուցում վճարենք: Եթե նույնիսկ բողոքներ էլ եղել են՝ մենք ենք հաղթել»,-«Դոյչե վելե-ակադեմիա» կազմակերպության հրավերով Բեռլինում գտնվող տարբեր ազգերի պատկանող լրագրողների խմբին ներկայացրեց Stiftung Warentest-ի կազմում աշխատող մեծ լրագրողական խմբի անդամներից մեկը՝ Ռոննի Կոխը:

«Ոչ ոք չի իմանում, թե որ ապրանքն են մենք տեստավորելու հաջորդը, մենք սովորական հաճախորդների նման սուպերմարկետներից գնում ենք ապրանքը եւ ենթարկում տեստավորման, իսկ եթե դրանք խոշոր ապրանքներ են՝ լվացքի մեքենա, հեռուստացույց, ավտոմեքենա եւ այլն, մենք այդ տեստերն անում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ Եվրոպայի այլ երկրներում էլ կան մեր տիպի կազմակերպություններ»,-շարունակեց պարոն Կոխը:

Տարվա ընթացքում Stiftung Warentest-ը անցկացնում է մոտավորապես 100 ապրանքի համեմատական տեստ, ընդհանուր ծառայությունների մոտավորապես 25 հետաքննություն եւ մոտ 75 ֆինանսական ծառայությունների հետազոտություն:

Տեստերը, որոնց ենթարկվում են ստուգվող ապրանքները, բավականին դաժան են՝ վառելուց մինչեւ կոտրելը, հսկայական ծանրության տակ սեղմելը, քիմիական լուծույթներում լուծելը եւ այլն՝ կախված նրանից, թե ինչ ապրանք է: Մեզ ցուցադրեցին մի հոլովակ, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում էր սպորտային կոշիկների տեստը: Երեւակայելն անգամ դժվար է, թե որքան փորձությունների միջով էին անցնում այդ կոշիկները:

Այս ամենի արդյունքում մարդիկ հստակ պատասխան են ստանում, թե, որեւէ մի ապրանքի, ասենք 100 տեսակների միջից որոնք են «լավը», «շատ լավը», «բավարար» եւ անգամ՝ «վատը»՝ հաշվի առնելով հնարավոր չափորոշիչները:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hajk says:

    էս էլ պարտված ազգնա (թող ռուսները իրանց ճղեն; որ հաղթել են)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031