Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկեց երկօրյա ԲարՔեմփ Երևան 2013-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, բլոգերներ, լրագրողներ, հնարավորություն ունեցան դրա մասնակիցը դառնալու և նոր գիտելիքներ ստանալու: Մասնակիցների պակաս «չկոնֆերասը», ինչպես միշտ չունեցավ, ավելին՝ նրանց թիվն այս տարի այնքան շատ էր, որ նույնիսկ լոգոներով շապիկները սկզբում ոչ բոլորը հասցրեցին ստանալ:
Կամավորների աշխատանքը համակարգող Անի Սմբատյանի խոսքով՝ 1200-ից ավել մարդ է գրանցվել, իսկ շապիկների քանակը ինչպես նախապես տարածված հաղորդագրության մեջ նշվել էր՝ սահմանափակ է: Խոսելով կամավորների այս տարվա աշատանքի մասին՝ Անին ասաց, որ նրանց թիվը ևս շատ էր, կային կամավորներ, ովքեր նախորդ տարի ևս մասնակցել են և կան նորեկներ. «Կամավորները համակարգում են գրանցումները, սենյակներում կարգ ու կանոնն են պահպանում, հետևում են ժամանակացույցերին և ընդհանուր կազմակերպչական աշխատանքին են մասնակցում», – նշեց նա:
ԲարՔեմփը Երևանում անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, թեպետ ինչպես նշվել էր barcamp.am կայքում՝ այս տարի այն տարբերվելու էր մյուս 4 տարիների ԲարՔեմփներից, իսկ թե ինչով, փորձեցինք պարզել կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանից. «Այս տարին տարբերվում է նրանով, որ մենք որոշել ենք վարպետության դասեր անել,- ասաց նա, – բացի այդ՝ այս տարի մեզ հյուրընկալել է նաև Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիան, կան նաև ոլորտում հայտնի մի շարք այլ հյուրեր»: Կազմակերպչի խոսքով՝ ներկայացումների քանակը մնացել է նույնը. «Փորձը ցույց է տալիս, որ գրատախտակն ամբողջությամբ լցվում է, բայց թե ինչ կլինի, պետք է գնալ նայել, որովհետև շատերը ինչ-որ հրապուրիչ անուններ են գրում ու դժվար է միանգամից իմանալ, թե ինչ է լինելու իրականում»:
Նշեմ նաև, որ ներկայացումները բազմաթիվ էին, լսարանները՝ մարդաշատ, թեմաներն էլ ինչպես միշտ գրավիչ ՝ տարածված ապատեղեկատվությունից մինչև ուրիշի նամակները կարդալու 6 ձև:
Կարդացեք նաև
Դե իսկ նրանց, ում չհաջողվեց ներկա գտնվել ԲարՔեմփին այսօր, կարող են մասնակցել նաև վաղը՝ մայիսի 12-ին:
Լուսանկարները՝ BarCamp Yerevan-ի
Տիգրանուհի Թասլակյան