Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն առաջին փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այսօր ժամը 14:30 մեկնարկած նիստում «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի անդամները միաձայն հավանություն են տվել Մարգվելաշվիլիի թեկնածությանը, ինչից հետո այն ներկայացվել է խորհրդարանական մեծամասնությանը, ապա Իվանիշվիլին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել:
Գեորգի Մարգվելաշվիլին 43 տարեկան է, փիլիսոփայության դոկտոր է, մինչ 2012 թվականի աշնանը նախարար նշանակվելը պաշտոնավարել է որպես Վրաստանի Զուրաբ Ժվանիայի անվան հասարակական գործերի ինստիտուտի ռեկտոր: