Գարնան վերջին կիրակին՝ մայիսի 26-ին շուրջ 500 երիտասարդներ «Ճանաչիր Երեւանը» երիտասարդական, սպորտային ծրագրի շրջանակներում 30 թիմերով Սախարովի հրապարակից հեծանվավազքով կշարժվեն դեպի «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոն: Այնուհետեւ երեկոյան ժամը 20-ին կմեկնարկի երիտասարդական միջոցառում: Ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), «Հայասա» ԵՀԿ-ն, «Հեծանիվ +» ՀԿ-ն:
ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ այսպիսի ծրագրերը նպաստում են, որպեսզի հեծանիվը մտնի մեր կենցաղ, ինչպես զարգացած երկրներում է: Ա. Պողոսյանը նաեւ նշեց. «Հիմնադրամի կազմակերպած ծրագրերում հեծանվավազքի ծրագիրը առաջինը չէ, եւ իրոք ուրախ եմ, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում, ինչը դրդեց իրականացնել նախաձեռնությունը: Կուզեմ, որ մյուս կազմակերպությունները եւս ակտիվ լինեն այսպիսի նախաձեռնություններում, քանի որ մենք պատրաստ ենք համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք երիտասարդների համախմբմանն ուղղված գաղափարներով ծրագրեր կներկայացնեն: Այս ծրագիրը ոչ միայն ճանաչողական բնույթի է, այլեւ մրցութային: Կուզենայի ընդգծել այն, որ մրցակցության ժամանակ երիտասարդների մոտ ձեւավորվում է թիմային մտածելակերպ, ինչը նպաստում է երիտասարդների համախմբմանը»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ առաջիկայում ՀԵՀ-ը երիտասարդների համախմբմանն ուղղված ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել: Ա. Պողոսյանը պատասխանեց. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես հանդես է գալիս մեծամասշտաբ երիտասարդական ծրագրերով, եւ առաջիկա ամենամեծ ծրագրերից է օգոստոսին մեկնարկելիք ավանդական «Բազե» երիտասարդական հավաքը, որի անունն արդեն ճանաչելի ու բրենդային է: Ամեն տարի «Բազեն» հանդես է գալիս թարմ մոտեցումներով, նոր մասնակիցներով ու գաղափարներով ու քանի որ ամեն տարի դիմորդների թիվն ավելանում է, այս տարի մասնակիցների թիվը 150-ով ավել կլինի: Հիմնադրամի մասշտաբային ծրագրերից պետք է առաձնացնենք նաեւ արդեն երրորդ տարին կազմակերպվող կրթաթոշակի տրամադրման մրցույթը, որի շրջանակներում 2000-ից ավելի ուսանողներ ուսման վարձի փոխհատուցման են արժանացել: Այս տարի շուրջ 111 սիրիահայ երիտասարդներ եւս արժանացել են կրթաթոշակի»:
«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանն էլ անդրադառնալով ծրագրի մանրամասներին՝ նշեց. «Երիտասարդները հեծանվավազքի ընթացքում այցելելու են Երեւանի հինգ տեսարժան վայրեր՝ այգի, արձան, պետական շենք, փողոց, անհայտ հասցե: Մասնակիցները նախապես ստանալու են ծրարներ, որոնցում հանելուկներ են լինելու եւ դրանց միջոցով ստանալու են այն հարցի պատասխանը, թե ուր են շարժվելու: Ուստի ծրագրի հիմնական նպատակներից է ճանաչողականը, սպորտայինը: Այս ծրագիրը կնպաստի նաեւ երիտասարդների համախմբվածությանը»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ Ս. Մկրտչյանը շեշտեց. «Մեզ համար սկզբունքային էր, որ ամեն խմբում գոնե երկու աղջիկ պիտի լիներ, որպեսզի աղջիկների քանակը հավասարակշռված լիներ: Բայց հակառակը ստացվեց. օրինակ՝ Սլավոնական համալսարանը ներկայացրել է ինը թիմ, որից հինգը աղջիկների թիմ է»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ես ել եմ ուզւմ մասնակցել , գրեք համար վորով կառամ զանգեմ ու գրանցվեմ