Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: «Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես շտեմարանները կազմվել են բավականին խճողված ձևով, չկա հստակություն առաջադրանքների ոչ պահանջներում, և ոչ էլ պատասխաններում, անմիջապես նկատվում է, որ խաղ է գնում բալերի համար, այս շտեմարաններով դիմորդը ոչ թե ուսումնասիրում է հայոց լեզու, այլ փորձում է հույսը դնել անգիր սովորելու վրա, չի փորձում ուսումնասիրել լեզուն և տարբերակումներ անել»,- նշում է Հայոց լեզու եւ գրականություն առարկաների կրկնուսույց Լ.-ն (աղբյուրը չցանկացավ հրապարակել անունը-հեղինակ): Պարզվում է, բացի թեստերի բարդ լինելը կա նաև մեկ այլ խնդիր, ի տարբերություն անցած տարվա, այս տարի կան նոր առաջադրանքներ, որոնք դիմորդին գցում են շփոթության մեջ: Շտեմարաններում այս տարի ներառել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք ծրագրով նախատեսված չեն եղել: Օրինակ՝ ավելացել են գծապատկերները, բառարանների տեսակները, բառարանների հեղինակների տարբերակումը, որը կարծում եմ աշակերտը իրավունք ունի նաև չիմանալու կամ տալիս են այնպիսի հատվածներ, որոնք ծրագրով չկան, իսկ աշակերտը որտեղի՞ց իմանա այդ թեմաների մասին, որպեսզի կարողանա ճիշտ պատասխանել հարցերին» ,- ասում է կրկնուսույցը: Դիմորդը հիմնականում ոչ թե սխալվում է խոսքի մասերից, դերանուններից, այլ մշտական սխալները կապված են լինում պահանջը ոչ ճիշտ հասկանալու հետ: «Ճիշտ է, կան թեմաներ, որոնք իսկապես անիմաստ չեն , բայց բավականին բարդ են, օրինակ Հայոց լեզվի փոխակերպումները, իմ սխալները հիմնականում փոխակերպումների կամ վարժությունների պահանջը ճիշտ չհասկանալու հետ է լինում» ,- ասում է Հովհաննեսը, ով իր ուժերը այս տարի պետք է փորձի ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար: Այն հարցին, թե արդյոք դիմորդները պատրաստ են քննություններին, կրկնուսույցը պատասխանեց, որ դիմորդները հիմա ավելի շատ անգիր սովորելու վրա են հիմնվում, ինչը պետք է սթափեցնող լինի: Դիմորդներից շատերը ձգտում են, ոչ թե յուրացնել լեզուն, այլ անգիր սովորել առաջադրանքներն ու դրանց պատասխանները: Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր փորձում են այս շտեմարաններով խորապես ուսումնասիրել լեզուն հետաքրքրվել լեզվով քննության ժամանակ ստանում են ավելի ցածր բալեր, քան այն երեխաները, ովքեր անգիր են սովորում: «Այս փաստը իսկապես ցավալի է, այն միջոցը, որը առաջարկում է ԳԹԿ-ն դիմորդին ոչ թե լեզուն սովորելու հնարավորություն է տալիս, այլ ընդհակառակը, դրդում է անգիր անելու, հետևաբար վստահորեն կարող եմ ասել, որ այս շտեմարանները հայոց լեզու չեն սովորեցնում: ժամանակն է, որ հնարավորություն տան երեխան հայոց լեզու սովորի, ոչ թե վարժվի թվերին»,- ասում է նա: Նշում է մեկ այլ խնիր եւս. բացի այն , որ վարժությունները կազմվում են բավականին բարդ, կա խնդիր նաև շտեմարանները ուշ վաճառքի հանվելու հետ. «Այս տարի շտեմարանները վաճառվում էին հունվար ամսից, իսկ երեխաների համար մի քանի ամսում հինգ շտեմարան լավ յուրացնելը ուղղակի անհնար է»,- ասում է Լ.-ն: