Մայիսի 16-18-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmRockFest» միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոն: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի կազմակերպիչներ՝ Վակա Դավթյանը, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, ժյուրիի անդամներից The Beautified Project խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը եւ Այդին Դավուդին:
«Մրցույթ-փառատոնի նպատակն է երիտասարդական ռոք խմբերի փորձի փոխանակումը, ռոք երաժշտության` որպես համաշխահային մշակույթի բաղկացուցիչ մասի ներկայացումը, տարբեր ազգերի ռոք երաժշտության եւ ռոք մշակույթի ճանաչումը եւ երիտասարդության ստեղծագործական պոտենցիալի զարգացումը»,-նշեց մրցույթ-փառատոնի կազմակերպիչը:
Նրա խոսքով՝ սա պետք է լինի լուրջ փառատոն, որի նպատակն է նաեւ Հայաստանը՝ ռոքի միջոցով աշխարհին ներկայացնելը:
Փառատոնի հիմնադիր պրոդյուսեր Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ Հայաստանում նման մրցույթների կազմակերպումը մեծ դեր ու կարեւորություն ունի:
«Մենք ցանկանում ենք տաղանդավոր մարդկանց ակումբներից բարձրացնենք նաեւ բեմ, նրանց տանք այն, ինչի հնարավորությունը դեռեւս չկա»,-ասաց մրցույթի պրոդյուսերը:
Ժյուրիի անդամ Անդրե Սիմոնյանը եւս փաստեց, որ Հայաստանում ռոքի զարգացում ապահովելու լավագույն միջոցներից մեկը հենց փառատոնն է:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու են 18-32 տարեկան անձանցից կազմված 12 խմբեր:
«Մրցույթին ներկայանալու է 8 մրցութային խումբ Հայաստանից եւ 4-ը՝ Վրաստանից ու Իրանից: Մրցույթի փառատոնային մասին մասնակցելու են Հայաստանում հայտնի ռոք խմբեր, ինչպես նաեւ անգլիական Antimatter խումբը»,-տեղեկացրեցին բանախոսները:
Մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության ցանկացած ժանրում:
Յուրաքանչյուր մասնակից խումբ առաջին օրը ներկայացնելու է մեկ համաշխարհային հիթ, իսկ երկրորդ օրը`խմբի հեղինակային ստեղծագործությունը կամ հատուկ գրված ստեղծագործություն:
Առաջին եւ երկրոդ տեղը զբաղեցնողներին սպասվում են գումարային մրցանակներ` համապատասխանաբար 150 եւ 100 հազար դրամի չափով, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը հնարավորություն կստանա ձայնագրվել Հայաստանի լավագույն ձայնագրային ստուդիաներից մեկում:
Ժյուրիի կազմն է`մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, երգիչ, երգահան Արմեն Գեւորգյանը, դաշնակահար Արմեն Սարգսյանը: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են երգչուհի Վակա Դավթյանը եւ դաշնակահար Արմեն Սարգսյանը:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ