Հայաստանն այնտեղ ներկայացված է երեք մարզիկներով, որոնցից երկուսն արդեն ավարտել են մրցելույթները: 58 կիլոգրամ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 194 կգ-ով գրավել է 4-րդ հորիզոնականը: Սակայն նա՝ պոկում վարժությունում 87 կգ-ով արժանացել է փոքր բրոնզե մեդալի:
Բավականին հաջող է հանդես եկել 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Նա պոկել է 160 կգ (փոքր արծաթ) հրել 180 կգ (փոքր բրոնզ) եւ երկամարտի 340 կիլոգրամով պայքարն ավարտել է երրորդ տեղում:
Առայսօր Լիմայում մրցահարթակ մտել են եւս երկու հայ ծանրորդներ, որոնք, սակայն, հանդես են գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: 69 կգ քաշային կարգում Անի Սարգսյանը (նկար 1) երկամարտի 209 կիլոգրամով ճանաչվել է չորրորդը, իսկ Ռազմիկ Հունանյանը (77 կգ, նկար 2) նվաճել է չեմպիոնի կոչումը՝ փոքր ոսկի նվաճելով նաեւ հրում վարժությունում (192):
Այսօր ուշ գիշեր վերջինը պայքարի մեջ են մտնելու +105 կիլոգրամ քաշայինները, որտեղ հայաստանցի Գոռ Մինասյանի գլխավոր մրցակիցները լինելու են նույնպես Ռուսաստանը ներկայացնող Կարեն Մարտիրոսյանը եւ վրացի Լաշա Տալախաձեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ