ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից Aravot.am-ը այսօր հետաքրքրվեց ՀՀԿ-ում տեղյա՞կ են, որ իրենց համակուսակից 11/16 տեղամասի հանձնաժողովի նախագահը մայիսի 5-ին՝ ավագանու ընտրությունների օրը, տեղամասում մոմեր է վառել, որ «չարքերին քշի»:
«Անկեղծ տեղյակ չեմ մոմավառության եւ չարքերին քշելու մասին: Բայց անհատական մոտեցում է, եթե մինչեւ 20:00 է եղել, որ չարքերը քշեն, միգուցե օգնել է՝ ընտրություններ լավ կայանան, եթե 20:00 –ից հետո է եղել, ապա պետք է նայենք՝ օրենսդրական որ կետին է հակասում, որ կարողանանք պարզաբանում տալ»,- ասաց պարոն Սահակյանը:
Նա այս տեղամասի հանձնաժողովի նախագահի թերի աշխատանքից էլ տեղյակ չէր ու պնդեց, որ մի երկու ձայնի շփոթություն է ընդամենը եղել, որոնք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն թողել:
Հիշեցնենք, որ այս տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները մի շարք խախտումներ են արձանագրել եւ տեղամասի հանձնաժողովի նախագահի աշխատանքը որակել փնթի ու թերի:
Կարդացեք նաև
Պարոն Սահակյանը տեղեկություններ չուներ նաեւ 8/8 եւ 8/9 տեղամասերում ՀՀԿ ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանի՝ որպես վստահված անձ ներկայանալու մասին. «Եթե օրենքի խախտում է, ապա բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
,,Չարքերին քշելն,, դեռ առջևում է: