Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրեն եւ փոքրիկներին թունավորելուց հետո հաղորդագրության է ուղարկել հարսին

Մայիս 10,2013 17:43

Երեւան քաղաքի բնակչուհի, 1987թ. ծնված Ք. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ 2012թ. հունիսի 13-ին ինքնասպան լինելու համար խմել է մկնասպան պատրաստուկ եւ խմեցրել իր անչափահաս՝ երկուսուկես եւ հինգուկես տարեկան որդիներին:

Դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, ասել, որ նման արարք կատարել է իր ամուսնու եւ սկեսրարի պատճառով, քանի որ նրանք իրեն մշտապես ճնշել են: Ամբաստանյալն ասել է, որ սկեսրայրն իրեն անբարոյական է անվանել: 2012թ. ապրիլի 29-ից Ք. Գ.-ի ամուսինն արտագնա աշխատանքի է եղել Սանկտ- Պետերբուրգում: Ամբաստանյալը դատարանում հայտնել է, որ անբարոյական պիտակավորվելու պատճառով ինքը երեխաների հետ գնացել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղ, որտեղ բնակվելէ իր հոր ընկերը: 25-ամյա կինը հայտնել է, որ ինքնասպանության է դիմել վիրավորական հեռախոսազանգերի եւ եւ իր հասցեին անբարո խոսքերի պատճառով:

2012թ. հունիսի 13-ի առավոտյան նա երեխաների հետ գնացելէ Վարդենիս քաղաք, անասնաբուժական դեղատնից գնել պատրաստուկը եւ վերադարձել տուն: Երեխաների քնի ժամին կինը խմել է մկնասպան պատրաստուկը, որից հետո զանգահարել է ամուսինը, վիրավորական բառեր ասել: Ք. Գ.-ի վկայությամբ՝ մտածել է, որ եթե ինքը չլինի , թող չլինեն նաեւ իր երեխաները եւ անգիտակցաբար թույնը խմեցրել է որդիներին:

Ք. Գ.-ի եւ փոքրիկների կյանքը փրկվել է շնորհիվ այն բանի, որ երեխաներին թունավորելուց հետո նա այդ մասին բջջային հեռախոսով հայտնել է իր հարսին, վերջինս էլ զանգահարել է Ակունք գյուղ, այն բնակարանի տիրոջը, որտեղ ընտանիքը գտնվում էր: Կանչել են «շտապ օգնություն», թունավորվածներին տեղափոխել Վարդենիսի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւան: Մկնդեղով սուր թունավորման հետեւանքով Ք. Գ.-ի եւ նրա երեխաների առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:

Ամբաստանյալի եղբոր կինը դատարանում ցուցմունք է տվել, որ ամուսնու քույրը դեպքից հետո իր հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել. « Մորս լավ կնայես,ես ձեզ՝ սաղիդ շատ եմ սիրում, քուր ջան»:

Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը որոշել է Ք. Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխել եւ նրան դատարանի դահլիճում կալանքի վերցնել: Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031