Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականն ընդամենը հող էր նախապատրաստել

Մայիս 10,2013 17:35

ԵՄԱ Ամփոփագիրը Երևանի ավագանու ընտրություններից առաջ մեջբերել էր հայաստանյան քաղաքական գործիչներից մեկին. «Եթե հնարավոր լիներ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունենալ գոնե մեկ լրագրող, ապա դա թույլ կտար հնարավորինս խուսափել ընտրակեղծիքներից» («Առավոտի» կողմից նշել, որ այս պնդումն արել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած ցուցակում ընդգրկված Գուրգեն Գասպարյանը.- խմբ.):

Ամփոփագիրը դրանից եզրակացրել էր, որ հասարակությունը լրագրողներից միայն տեղեկություններ չի ակնկալում: Նկատի ունենալով, որ ընտրությունների լուսաբանման հնարավորություն ունեցող այս մասնագիտության ներկայացուցիչները իրենց անմիջական գործն անելիս կամ պարզապես միայն ներկայությամբ, ակամայից զգաստության, սթափության և զգոնության կխթանեին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին:

Երևանի ավագանու ընտրություններին պարզ դարձավ, որ վերը նշված հայտարարությամբ կոնկրետ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչը մեր մասնագիտության նկատմամբ ակնածանքի հավաստիացումներ չէր անում:  Նա ընդամենը հող էր նախապատրաստում քվեարկության օրը, իրենց կուսակցության հետ կապվող լրատվամիջոցի ներկայացուցիչների անվան տակ, ցուցակներ ստուգող ու նկարահանող անձանց ընտրատեղամասեր լցնելու համար:

Այս երևույթը նոր չէ, նախկինում էլ կիրառվել էր հատկապես այդ կուսակցության կողմից, սակայն մասշտաբներով այս անգամ «հնարքը» զգալիորեն գերազանցում էր նախորդներին:

Լրագրողական կազմակերպությունների ղեկավարները դատապարտեցին այդ փորձերը  և դրանք որակեցին որպես քաղաքական պատվեր:

Երևույթը վերլուծվեց նաև լրագրողների՝ միմյանց միջև եղած հակասությունների և դիմակազերծման տեսանկյունից:

Սակայն այս պատմությունը գուցե պետք է կարևորվի նաև այն տեսանկյունից, որ ինչպես ցանկացած այլ մասնագիտության հարցում, լրագրողի աշխատանքի, վարկի նկատմամբ ևս հարգանքն ու վստահությունը ձևավորվում են տարիներով, տասնամյակներով, լրագրողական համայնքի հնարավորինս բարեխիղճ աշխատանքի հետևանքով: Նաև այդ պատճառով է, որ լրագրողները հնարավորինս նախանձախնդիր են իրենց կատարած աշխատանքի և հասարակության կողմից դրա համարժեք ընկալման հարցում: Նաև այդ պատճառով է, որ լրագրողները հնարավորինս խստապահանջ պետք է լինեն իրենց անբարեխիղճ գործընկերների նկատմամբ և մասնագիտական ու մարդակային բարձր նշաձող սահմանեն և՛ անձամբ իրենց, և՛ իրենց գործընկերների համար: Այնինչ, պարզվում է, որ նշաձողեր սահմանել պետք է նաև … անորոշ մասնագիոտությունների տեր այլոց նկատմամբ: Թե չէ այդ ուրիշները կներխուժեն «մեր» դաշտ ու կսկսեն …սուրճ մատուցել ընտրական հանձնաժողովի անդամներին:

Սուրճ և տեսարաններ

Հետաքրքրական է, որ տեսանկարահանող սարքերի և անձանց առատությունը ընտրական տեղամասերում շփոթեցրել է անգամ Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք գտնում են, որ յուրաքանչյուր ընտրական տեղամասում տեսախցիկի առկայությունը» «մի կողմից նպաստում է քվեարկության գործընթացի թափանցիկությանը», մյուս կողմից այդ հանգամանքը ընտրողների մոտ կարող էր ծագել այն կասկածը, թե քվեարկության գործընթացն ամբողջությամբ վերահսկվում է: Նույնիսկ եվրոպական դիտորդներն էին ստացել այն տպավորությունը, որ ՀԿ-ների և ԶԼՄ-ների մեծաթիվ ներկայացուցիչներն իրականում գործում էին քաղաքական կուսակցությունների անունից:

Մասնագիտության առավել արդյունավետ վարկաբեկում դժվար է պատկերացնել, հատկապես երբ կիրառվում է դրսից և առանձնապես կարգավորման էլ ենթակա չէ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031