Ամիսներ առաջ, երբ աշխատանքային այցով Մեղրիում էինք գտնվում, մեր ուղեկցի խորհրդով դեպի քաղաքի ծայրամասային Արաքսաշեն թաղամաս տանող ճանապարհի մի հատվածում կանգ առանք եւ ներս մտանք ճանապարհի անմիջապես հարեւանությամբ կառուցված մի առանձնատան դարպասից ներս: Դուռը բաց էր, բայց ներսում մեզ դիմավորող չկար եւ ձայներ չէին լսվում ներսից, թեեւ մեր ուղեկցողը ճանապարհին պատմեց, որ մեզ տանում է մի շատ հետաքրքիր մարդու տուն, ով ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել, այնուհետեւ Ռուսաստանում հաստատվել, ընտանիք կազմել, տուն-տեղ դրել, բայց արդեն մեկ տարի է, թողել է ամեն ինչ այնտեղ եւ հաստատվել իր ծննդավայրում՝ Մեղրիում:
Հայրենի հողի վրա իր ձեռքով տուն է կառուցել, տան հարեւանությամբ այգի գցել ու մշտական բնակության հաստատվել այստեղ: Դարպասից ներս մտնելուց գեղեցիկ տեսարան բացվեց՝ Արաքս գետն էր իր ամբողջ հմայքով մեր առջեւ, որից աչք կտրել առաջիկա րոպեներին չէր հաջողվում: Սակայն այստեղ հիանալու այլ բաներ կային նաեւ, մի քանի րոպե շրջեցինք տան շրջակայքում, որը ոչ սովորական տեսք ուներ. քարե հետաքրքիր, յուրօրինակ լուծումներով, պտղատու, դեկորատիվ ծառերից բաղկացած մերձակայքն մեր ուշադրությունն անմիջապես գրավեց: Ամեն ինչ հարմարեցված էր դրսում լիարժեք հանգիստ կազմակերպելու համար, սեղանները թեեւ քարե ոչ մշակված բեկորներից էին պատրաստված, բայց շատ հարմար էր ճաշելու եւ թեյելու համար: Թեեւ դա ինքներս փորձարկել չհասցրեցինք, մի քանի նկարներ անելուց եւ տեղանքի գեղեցկությամբ հիանալուց հետո պատրաստվում էինք շատապել մեր մյուս աշխատանքային հանդիպումներին, երբ տան ներսից այդ պահին 60 տարեկանն անց մի մարդ դուրս եկավ. տանտերն էր… մեր ձայները լսելուց դուրս եկավ եւ ջերմ ժպիտով շտապեց մեզ բարեւել: Իսկույն մի կտոր հաց ուտելու ու մեզ հյուրասիրելու առաջարկություն արեց եւ պատմեց, որ ծանոթ ու անծանոթ հյուրերն իր տանը միշտ տեղ ունեն եւ ամեն անցորդի մեծ սիրով հյուրընկալում է, զրուցում, մի կտոր հաց հյուրասիրում, խոսում դեսից-դենից ու հետո ճանապարհում: Անկեղծացավ, որ թեեւ մենակ է ապրում քաղաքից հեռու այս տան մեջ, բայց գրեթե մենակ չի լինում, միշտ ճամփորդ-հյուրեր է ընդունում եւ օրերը հետաքրքիր անցկացնում, իսկ իր տան դարպասները բոլորի առջեւ բաց է պահում:
Յուրահատուկ տեղանքով հիացած՝ սկսեցինք հետաքրքրվել, թե ինչպե՞ս ստացվեց, որ երկար տարիներ դրսերում ապահով կյանքով ապրելուց հետո որոշեց վերադառնալ Մեղրի եւ անապատ այս վայրը շնչող հող դարձնելու ցանկություն հայտնեց: «Ես կյանքում միշտ երազել եմ, որ թոշակի անցնելուց հետո վերադառնամ Մեղրի: Մի տարուց ավելի է այստեղ եմ ապրում, բայց կինս չի ուզում գալ, ասում է՝ ես էդ չյոլումը չեմ ապրի, համ էլ սրտի պրոբլեմ ունի էստեղ չի հարամարվի: 70 տարեկան եմ, կյանքիս 24 տարիները Մեղրիում իմ ծնողական տանն անցկացնելուց հետո տեղափոխվել եմ Սանկտ Պետերբուրգ: Որպես երիտասարդ՝ ռոմանտիկայի հետեւից ընկած փորձեցի ուրիշ տեղ ապրել, ուրիշ միջավայրում, ուրիշ ազգի հետ, ցանկացա ինձ փորձել ուրիշ երկրում: Ապրել եմ հոյակապ, այնտեղ ընտանիք եմ կազմել, ռուս կնոջ հետ ամուսնացել, 2 տղա ու թոռներ ունեմ արդեն: Մասնագիտությամբ ե՛ւ շինարար, ե՛ւ վարորդ եմ աշխատել, 46 տարի դրսում ապրելուց հետո որոշեցի վերջապես վերադառնալ…», – ասաց տանտերը՝ 70-ամյա Գեորգի Մկրտչյանը եւ նշեց, որ վերջնական է տեղափոխվել Մեղրի ու մտադիր է մինչեւ կյանքի վերջին շունչն այստեղ ապրել: Պատմեց, որ ամենասկզբից որոշել էր ավելի մեծ ու շատ գեղեցիկ տուն կառուցել, սակայն քամոտ տեղանքի պատճառով ստիպված եղավ փոխել տան նախագիծը եւ այլ տեսքով տուն կառուցեց, որտեղ էլ մշտապես իր հյուրերին է ընդունում: «Ես ուզում եմ, որ ինչքան մարդ կա էս ճանապարհով գնացող-եկող, սաղ գան ինձ հյուր, քեֆ անեն, նայեն, հիանան, ես էլ իրենցով հիանամ: Շատ հազվադեպ է, որ ինձ մոտ հյուր չի լինում: Մրգատու տարբեր տեսակի ծառեր եմ տնկել՝ նուշ, նուռ, փշատ եւ այլն, որ գնացող-եկողին սաղին հյուրասիրեմ, նպատակ չունեմ միրգ վաճառելու, ով ինձ հյուր գա իրա ձեռքով կպոկի ու կուտի: Դեկորատիվ ծառեր էլ եմ որոշել տնկել, եղեւնիներ եմ տնկել, քարերով կոմպոզիցիաներ արել, իմ տարերքն է բնության մեջ ապրելը, ամառվա շոգին էստեղ հոյակապ տեղ է հանգիստն անցկացնելու համար, լավ հով է, հաց ենք ուտում, հարեւաններ էլ ունեմ, միասին նստում ենք, հետաքրքիր անցկացնում մեր օրերը…», – հավելեց 70-ամյա մեղրեցին եւ մեզ ճանապարհելուց եւս մեկ անգամ առաջարկեց օգտվել իր հյուրասիրութունից եւ ճանապարհը շարունակելուց առաջ գոնե մի կտոր հաց ուտել միասին: Սակայն շտապում էինք եւ հյուրասեր ու բարի տանտիրոջ տանը երկար մնալ չկարողացանք, բայց ճանապարհ ընկնելուց առաջ խոստացանք հաջորդ անգամ Մեղրի այցելելիս անպայման նրան հյուրընկալել եւ կիսատ մնացած հետաքրքիր զրույցը շարունակել այգու բարիքներով եւ Մեղրու անուշահամ մրգերով լի սեղանի շուրջ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ