Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ սերն ուրիշ է, ես սիրում եմ նրան այնպես, ինչպես կա». Սիրո պատմություն

Մայիս 10,2013 17:13

Մերին ու Հայկը երեք տարի է սիրահարված են միմյան: Ծանոթացել են համալսարանում՝ պատակահան հանդիպման ժամանակ: Այնուհետև տղան պայքարել և նվաճել է աղջկա սիրտը: Երկար ժամանակ Մերին իրեն երջանիկ էր համարում. «Նա ամեն բան անում էր այնպես, որ իմ սրտով լիներ, երբեք չէր նեղացնում, չէր կռվում ինձ հետ: Երբ առաջարկություն արեց, ես պայման դրեցի. «Եթե չես վտանգելու իմ ազատությունը, ես համաձայն եմ, իսկ եթե ասելու ես՝ սա մի հագիր, նրա հետ մի շփվիր, էստեղ մի գնա, ապա իմացիր, որ դա հանդուրժել չեմ կարող, սիրիր այնպես, ինչպես կամ»,-պատմում է աղջիկը: Հավելում է. «Նա խոսք տվեց, որ եթե խախտի խոստումը, ես ազատ կարող եմ լքել նրան»:

Մերին հիշում է ՝ միասին շատ խենթություններ են արել, եղել է, որ դասերից փախչել, գնացել են բուսաբանական այգի և գրեթե ողջ օրը քաղցած մնացել այնտեղ, իսկ Ամանորին հանդերձավորվելով Ձմեռ պապիկի և Ձյունանուշի շորերով՝ այցելել ու ուրախացրել են շատ մանուկների. «Չէր սիրում «կապիկություններ անել», բայց հանուն ինձ դիմանում էր իմ խենթ ու խելառ բնավորությանը: Ես այնքան երջանիկ էի, որ նրա նման ձիգ ու լուրջ տղան կարողանում է ծիծաղել ինձ հետ»,-պատմում է աղջիկը:
Ժամանակի ընթացքում զույգն ավելի ու ավելի շատ է սկսում սիրել իրար: Սակայն, ցավոք, ինչպես նշում է Մերին, դա ոչ թե դրականորեն, այլ բացասաբար է ազդում իրենց հարաբերությունների վրա: Նա հետզհետե Հայկի մեջ որոշ փոփոխություններ է նկատում. «Չկար առաջվա «երիտասարդությունը», նա վերածվել էր կյանքից հոգնած, իմաստ չունեցող և նույն տեղում դոփացող մարդու. անգամ փոխվել էր ինձ սիրելու ձևը. շատ կոպիտ էր նկատողություն անելիս, խորհուրդները դարձել էին հրամաններ, իսկ հանդիպումները՝ սովորույթ, ուրիշ ոչինչ»:
Մերին հանդուրժում էր կոպտությունը, սակայն իր խոսքով եկավ մի պահ, երբ թույլատրելին անցավ անթույլատրելիի սահմանը. «Նրա մոտ ի հայտ եկան նոր երևույթներ: Ես ինձ զգում էի տարիքն աառած կնոջ կարգավիճակում, չէր թողնում մարդամեջ դուրս գայի, հագնել իմ սիրած զգեստները, որոնց վերաբերյալ նախկինում ոչ մի խնդիր չի եղել»,-ասում է նա:
Աղջիկը տղային հիշեցնում է խոստումը, սակայն նա արդարանում է ՝ ասելով, որ այն ժամանակ ուրիշ էր, որ դա այդպես է արել, որպեսզի նրան ձեռքից բաց չթողնի, իսկ հիմա շատ է սիրում, այդ պատճառով էլ անհանգստանում է. «Ես չէի կարողանում հասկանալ նրան, ախր ամեն բանի չափ կա, եթե դա վնասում է դիմացինիդ երջանկությանը, պետք է զիջող լինել»: Մերին որոշում է բաժանվել: Տղան հազիվ է համակերպվում նրա հանկարծակի որոշմանը, որոշ ժամանակ հետապնդում է, մինչև որ նեղանում է ու հեռանում. «Ես կոտրեցի նրա սիրտը, չէի ուզում ցավեցնել, բայց այդպես ավելի լավ էր»,-պատմում է Մերին:
Մեկ ամիս անց նա փոշմանում է և վերադառնում ընկերոջ մոտ. «Ես հասկացա, որ իմ սերն ուրիշ է, նրա նման չէ, ես սիրում եմ նրան այնպես, ինչպես կա, ես չեմ կարող հեռանալ նրանից: Ժամանակն ինձ պետք էր նյարդերս հանգստացնելու և լավ կողմնորոշվելու համար»,-ասում է նա:
Հաշտեցումից 5 ամիս է անցել, Մերին հավաստիացնում է՝ իրենց սերն ավելի է ամրապնդվել՝ բայց այս անգամ առանց բացասական հետևանքների. «Ես երջանիկ եմ՝ բարկանալով, նեղանալով հանդերձ, կարևորը սիրում ենք իրար, բացի այդ ՝ նա ավելի զուսպ և նրբանկատ է դարձել, թուլացել են նախկին արգելքները: Ինքն էլ հասկացավ, թե ինչ գանձ ոնի իր մոտ»,-ժպտում է աղջիկը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031