Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը այսօր դիմել է ոստիկանություն և փոստային իշխանություն, որպեսզի հետաքննություն սկսեն Ռոքվիլ քաղաքում ապրող հայազգի տարեց զույգի ստացած հակահայ սպառնալից նամակի գործով: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:
Ա.Սահակյանը իրեն հասցեագրված ծրար է ստացել, որի մեջ՝ Բոստոնի մարաթոնի պայթյունի մասին տեղեկություն և ձեռագիր հաղորդագրություն՝ «Եվս մեկ հայ սրիկա»` մատնացույց անելով տեղի ունեցած ահաբեկչությունը և լուրերով պտտվող հայի անունը (Ահաբեկչությունն իրականացնողների հորեղբայրն ասել էր, որ իր եղբորորդիներին ծայրահեղականացրել է մահմեդականություն ընդունած ազգությամբ հայ Միշան):
«Մենք զանգահարել ենք դաշնային և տեղական իշխանություններին, որպեսզի անհապաղ հետաքննություն սկսեն և պատասխանատվության ենթարկեն ազգային թշնամանքի հողի վրա հանցագործություն կատարած անձանց», – ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Սևան Քոլեջյանը, – «Ատելության հողի վրա արված այս քայլը ևս մեկ անգամ հիշեցնում է լրատվամիջոցներին, որ «Միշա»-ի մասին ապատեղեկատվությունը տարածելու համար անմեղ մարդիկ են հատուցում»:
Արա և Սալբի Սահակյանները երկար ժամանակ է բնակվում են Մերիլենդում և հայ համայնքի ակտիվ անդամներ են:
Կարդացեք նաև
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը փորձում է հակահայ բնույթի նյութերի հետ կապված այլ տեղեկություններ հավաքել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ