«Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ օգնության վերականգնողական կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում Եհովայի վկաները նախընտրում են ներկայանալ հալածվածի կարգավիճակում և դա իրենց ձեռնտու է: «Նրանք ուղղորդված ճնշված եւ հալածված են ձեւանում և այդպիսով կարողանում են մի շարք խնդիրներ լուծել՝ ֆինանսական, կրթության, քաղաքական ապաստանի եւ այլ հարցեր»,- ասաց նա:
Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռին՝ Ամարյանը նշեց, որ իրականում դատարանում քննարկվել է ոչ թե կրոնական կազմակերպության կամ Եհովայի վկաներին պատասխանատվության ենթարկելու, այլ մարդու, քաղաքացու իրավունքների անձեռնմխելիության հարցը: «ՄԻԵԴ-ը լիովին կարողացել է հիմնավորել իր վճիռը, ինչի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը չի բողոքարկել այդ վճիռը եւ պիտի փոխհատուցի գումարները»,-ասաց բանախոսը:
Ըստ Ալեքսանդր Ամարյանի՝ Հայաստանի դեմ կայացված այս վճիռը մեր դատական համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19 անդամներ են: Բոլորն էլ ենթակա են եղել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: Օգտվելով «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքից՝ նրանք որոշել են պարտադիր զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն անցնել: Հետո պատճառաբանել են, որ իրենց ծառայությունն անցնում է զինվորականների հսկողության ներքո, այն այլըտրանքային համարվել չի կարող, իրենք այլևս չեն կարող շարունակել ծառայությունը և լքել են ծառայության վայրերը: 2005թ. հունիսին նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Տասնինը դիմումատուներից տասնչորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ հինգի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Հետագայում քրեական գործերը կարճվել են:
Կարդացեք նաև
Այս առիթով 2006 թ. մայիսի 31-ին գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ընդունելի են համարել վերոնշյալ 19 դիմումատուներից 17-ի գանգատները: Դատարանն էլ 2012թ. նոյեմբերի 27-ին որոշել է, որ խախտվել է մարդու անձնական ազատությունը և անձեռնմխելիությունը երաշխավորող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ 1-ին կետի (գ) ենթակետը և 5-րդ կետը:
ՄԻԵԴ-ը սույն վճռով որոշել է, որ ՀՀ կառավարությունը մինչև մայիսի 27-ը պետք է դիմումատուներին տրամադրի փոխհատուցում՝ 6,000 եվրո 17 դիմումատուներից յուրաքանչյուրին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 10,000 եվրո՝ 17 դիմումատուներին միասին՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Ընդհանուր գումարը կազմում է 112,000 եվրո: Այս գումարը կառավարությունն արդեն փոխանցել է արդարադատության նախարարությանը:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ