Անկարայի դատախազը քննում է մի գործ, ըստ որի` Հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսի դեմ մահափորձ էր նախապատրաստվում: Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը` վկայակոչելով NTV հեռուստաընկերության հաղորդագրությունը:
Քննությունը սկսվել է Կայսերի քաղաքից նամակ ստանալուց հետո, ըստ որի` մայիսի 29-ին, երբ թուրքերը տոնելու են օսմանյան սուլթան Մեհմեդ երկրորդ Նվաճողի կողմից Կոստանդնուպոլսի գրավման 560-ամյակը, հույն Պատրիարքի նկատմամբ մահափորձ է իրականացվելու:
Ձերբակալվել է մի մարդ, եւս երկուսին ոստիկանությունը փնտրում է: Կասկածյալները վերջերս են Կայսերիից ժամանել Ստամբուլ, որտեղ Տիեզերական Պատրիարքի նստավայրն է: Ձերբակալվածը, որի անուն ազգանվան միայն առաջին տառերն են հրապարակվում` Ս.Ա., հերքում է մեղադրանքները եւ պնդում, թե Ստամբուլ էր եկել ազգականներին այցելելու:
Քննությունը, այդուհանդերձ, պարզել է, որ դեռ 2008 թվականին դատախազներին նամակ էր հղվել, որի հեղինակը պնդում էր, թե Ս.Ա.-ն ծրագրում է սպանել Բարդուղիմեոս պատրիարքին:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան