Կենդանի լեգենդները՝ հայրենիքի փրկության մասին
Երեկ «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամներ Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, գաղտնի բանակի՝ «Ասալլայի» առասպելական հերոս Ալեք Ենիգոմշյանը, հայտնի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւ այլք հանրահավաք անցկացրին Գյումրու Թատերական հրապարակում: Վերջիններս եկել էին ժողովրդի հետ միասին ելք փնտրելու այն քաղաքական փակուղուց, որը, իրենց բառերով ասած, կոչվում է չընտրություններ:
Պատահական չէր, որ հանրահավաքները մեկնարկում էին Գյումրիից, ընդ որում՝ Շուշիի ազատագրման օրը: Ըստ նրանց՝ Գյումրին արդեն ապացուցել է, որ համաժողովրդական ապստամբության կենտրոնն է: Հրապարակը այնքան էլ մարդաշատ չէր, շատերը չգիտեին նման հավաքի մասին, չնայած որ Ժիրայր Սեֆիլյանը բացարձակապես չհուսահատվեց՝ նշելով, որ հայրենիքի փրկության ծրագիր սկսելու համար նման քանակը անգամ շատ է: «Շատերը կարծում են, որ որեւէ լուրջ գործ սկսելու համար շատ մարդ է պետք: Մինչեւ 88-յան շարժումը, տակավին մինչեւ ժողովրդին փողոց հրավիրելը՝ շատ քիչ մարդիկ մի քանի տարի առաջ այդ գործին լծված են եղել, եւ շատերը չեն հավատացել, որ հնարավոր է մի օր այդ հարցով արդյունքի հասնել: 88-ին նույնպես այդ հանրահավաքները մինչեւ բազմամարդ դառնալը եղել են նույնանման փոքրաթիվ հավաքներ, հետո տեսել ենք, թե ինչպես ենք հասել արդյունքի: 88-յան շարժումը, ի տարբերություն մեր այսօրվա շարժման, ազատագրական պայքար էր Արցախ աշխարհը Հայաստանին միացնելու համար, Արցախը տուն վերադարձնելու համար, եւ այդ շարժումը մեծ զոհողությունների գնով հասավ իր նպատակին: Այսօրվա մեր շարժումը պետություն ստեղծելու նպատակ է հետապնդում: 88-ին մենք լոկ կարողացել ենք մեր հողին տեր կանգնել, մենք չենք կարողացել պետություն ստեղծել, առավել եւս հայկական պետություն ստեղծել: Այսօրվա մեր շարժման ավարտը լինելու է մեր պատկերացրած հայկական պետության ծնունդը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ելույթ ունեցան «Նախախորհրդարան» խմբի բոլոր անդամները: Գյումրու տիկնիկային թատրոնի դերասանուհի Սիրանույշ Ղուկասյանը նշեց, որ հայ ազգը գտնվում է շատ տխուր վիճակում, ժողովուրդը խաբված է ներքեւից, որը գալիս-հասնում է դեպի վերջը: «Հայեր, չպիտի թույլ տաք, որ վերջը մոտենա մեզ, վերջը մենք ենք փակելու, վերջը մենք բոլորս ենք, դուք պետք է ասեք՝ այլեւս այսպես չի կարող շարունակվել: Դանակը ոսկորին է հասել, մի՞թե այդ ոսկորը ցավ չի տալիս այսօր ձեզ, մի՞թե մենք չենք հասկանում, որ հարկավոր է բաց, առանց կուլիսների խոսել»: Տիկինը նաեւ հիշեցրեց Գյումրու դեպքերը: «Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստան աշխարհում, բոլորս գիտենք՝ ընտրություններ, իսկ հայոց լեզուն շատ, շատ, շատ լավն է, ունի միջոց, որ կարող ենք ասել չընտրություններ, չընտրությունները փաթաթեցին մեր վզին: Ի՞նչ կատարվեց մեր քաղաքի հետ. այսօր աշխատում են որոշ ղեկավարներ մեր քաղաքին հանել մայրաքաղաքի դեմ, որ կլանային քաղաք է դարձել Գյումրին, բայց կլանային քաղաքը իրենց աչքի առաջ էր կառուցվում, վերածնվում, վերածնվում ու վերածնվում էր, սկիզբը կար, վերջը չէր երեւում: Գյումրին եղել է, կա ու կլինի մշակույթի, սպորտի ու արվեստի քաղաք, Գյումրին չի կարող կլանային քաղաք լինել»,- ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ելույթ ունեցողները խոսում էին արտագաղթից, սոցիալական վատ պայմաններից, չբացահայտված սպանություններից, անգամ խոսեցին Մատաղիսի գործից: Գարեգին Չուքասզյանը իր այն միտքը կրկնեց, որ պետք է դուրս գալ կազինոյից, քանի որ կազինոյում միշտ պարտվում ես կազինոյի տիրոջը: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ փորձեց պատասխանել բոլորին հուզող այն հարցադրմանը, թե ի՞նչ անենք, ոնց պրծնենք «սրանցից»: «Էսպիսի ձկնե՞րն են կանսերվա դարձել, ժողովուրդ: Այն ժամանակ թշնամին թուրքն էր, իսկ հիմա թշնամին ներքին թուրքն է, իրենց անուն-ազգանուններով չխաբվեք, իրենց կեղծ հայերենով չխաբվեք, իրենք դատարկել են մեր երկիրը, ոչ մի երկիր աշխարհում չկա, որը կորցնի բնակչության կեսը: Սա ի՞նչ է, Ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք երկրորդ ցեղասպանությունն ենք ապրում»,- ասաց կինոռեժիսորը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ