«Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներքաղաքական խնդիրների մասին:
– 2008 թվականի՝ ընդդեմ իշխանության հզոր ժողովրդական ալիքի ֆոնին հայաստանյան ընդդիմությունը բավականին խղճուկ վիճակում հայտնվեց՝ անարդյունք «գլորելով» մի ողջ ընտրական շրջան: Խորհրդարանում ընդդիմությունը ներկայացվեց մի կերպ, նախագահական ընտրություններին հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեցին, քաղաքապետի ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում քաղաքական, բարձրագոչ հայտարարություններ արեցին «Բաստիլը գրավելու» մասին, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Իրենց հետընտրական հայտարարություններով քաղաքական ուժերը «ձեռքերը լվացին»: Ո՞րն է պատճառը, որ ընդդիմադիր դաշտը չի հաջողում. իշխանությո՞ւնն է ավելի ցինիկ, թե՞ ընդդիմադիրներն են պակաս ազնիվ ժողովրդի հետ:
– Ընդդիմադիրները անազնիվ լինելու խնդիր չունեն: Ոչ միայն մեզանում, ամենուր ընդդիմությունը նույն խնդիրն է լուծում՝ քննադատել իշխանություններին իրենց բացթողումների համար: Ի՞նչ պետք է անի հայաստանյան ընդդիմությունը, որ չի անում: Այդ իշխանություններն են ձայներ գնում, մարդկանց քաղաքական կողմնորոշումների պատճառով աշխատանքից ազատում, զրկում բիզնեսից, հալածում ու բանտ տանում: Իշխանությանը եւ ընդդիմությանը նույն հարթության վրա դիտարկելը արդարացի չեմ համարում:
2008-ի նախագահական ընտրություններում ընդդիմությունը հաղթել էր: Իսկ հաղթողի կողքին կանգնելը հեշտ է: Մարդիկ, անգամ պետական պաշտոնյաներ, պատգամավորներ գալիս էին հրապարակ: Հիշենք թեկուզ փետրվարի 26-ը, երբ անգամ Սերժ Սարգսյանի համար կազմակերպված հանրահավաքի ժողովուրդը եկավ եւ միացավ ընդդիմությանը: Համաժողովրդական շարժումը հզոր էր: Իշխանությունն այդ ժամանակ, ինչպես եւ այսօր, իշխանությունը հանձնելուն պատրաստ չէր: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր եւ շարունակում է դեմ լինել ուժով հարցեր լուծելու տարբերակին: Ի սկզբանե՝ դեռ ընտրություններից շատ առաջ, թեկնածուների առաջադրման եւ քարոզարշավի փուլերում արդեն պարզ էր, որ իշխանությունը չի պատրաստվում հաշվի նստել ընտրության արդյունքների հետ: Եվ ուժի կիրառումը միանշանակ բացառող, միմիայն օրենքի շրջանակներում իր դերը պատկերացնող ընդդիմության դեմ իշխանությունը սկսեց բիրտ ուժի կիրառումը՝ օգտագործելով սկզբում հարկային մարմիններին ու ոստիկանությանը, ապա ներքին զորքերն ու բանակը: Սկսվեցին աննախադեպ հալածանքներ, ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները լցվեցին բանտերը, ստիպված եղան թաքնվել, հեռանալ երկրից: Ահա այս ճնշումների շրջանում, երբ ընդդիմությունը այլեւս «հաղթող» չէր, բնական է, որ մարդիկ պետք է հեռանային եւ հրապարակից, եւ ընդդիմության գրասենյակից, եւ ընդդիմադիրների շրջապատից: Սա եւ բնական, եւ տրամաբանական է: Միշտ եւ ամենուր է այսպես: Այլ կերպ չի լինում: Արդյունքում ընդդիմությունները թուլանում եւ պառակտվում են: Մերոնք էլ չկարողացան եւ չէին էլ կարողանալու խուսափել այս տրամաբանական զարգացումներից: Եթե հետընտրական կարճ շրջանում չես կարողացել հարցերը լուծել, ապա պետք է պատրաստ լինես երկարատեւ ու քրտնաջան, ուժերը ջլատող պայքարի, երբ հուսահատվողները հեռանում են, նախկին համախոհները՝ հայհոյում, աջակիցները՝ հակառակ ճամբարն անցնում: Երբ սկսում են քեզ վերագրել առկա բոլոր անհաջողությունները: Այս պարագայում արդեն մեծ հաջողություններ գրանցելը, ամենօրյա հաղթանակներ տոնելը դառնում է դժվար ու անհնար: Նաեւ ստիպված ես լինում ընտրություններին չմասնակցել, երբ կշեռքի նժարներին ես դնում մասնակցելու օգուտներն ու վնասները:
Կարդացեք նաև
Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված շատ ասելիք չկա: Այս ընտրություն կոչվող խաղում քաղաքականությունը պարտվել է փողին: Կարող ենք արձանագրել՝ ձայների գնման ամոթալի երեւույթը վերջնականապես արմատավորվեց մեզանում: Այսուհետ այսպես է լինելու, եւ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են գալիք ընտրություններին, պետք է սա հաշվի առնեն:
– Երեկ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից Սասուն Միքայելյանը վերլուծելով անցած եւ կատարվող քաղաքական իրադարձությունները՝ ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց հրապարակում՝ նոր սկսել ա եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Արդյունքն էլ էս էր»՝ նկատի ունի նոր կուսակցության հիմնադրումը: Ձեր կարծիքով՝ նոր կուսակցությունը, որը պակաս ներուժ ունի, քան ՀԱԿ դաշինքն էր, ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել:
– Ձեր առաջին հարցին պատասխանելիս ես արդեն նշեցի, որ շարժումները եթե չեն կարողանում չափազանց կարճ մի ժամանակահատվածում, մի քանի ժամվա կամ հաշված օրերի ընթացքում հասնել հաջողության, ապա ստիպված են լինում պատրաստվել երկարատեւ ու դժվարին պայքարի, որի ապագան շատ դեպքերում կամ շատերի համար տեսանելի չէ: Հայ ազգային կոնգրես դաշինքի մասին խոսելիս միշտ պետք է հիշել, թե սկսած 2008թ. մարտի 1-ից ինչ փորձությունների միջով է անցել: Այն բռնություններին ու հալածանքներին, որ ենթարկվեց այդ դաշինքը, դժվար էր դիմանալ: Նրանք դիմացել են: Մարդիկ ինչքան շուտ ոգեւորվում, նույնքան էլ շուտ հիասթափվում են: Ահա այդ հիասթափությունն իր հետ բերում է առօրյա բազմաթիվ մանր ու մեծ, լուծելի եւ անլուծելի խնդիրներ: Սկսվում է շարժման անկումը: Սա օրինաչափ է: Իսկ նա, ով պատրաստվում է երկարատեւ պայքարի եւ հասկանում է նշածս օրինաչափությունը, պետք է կայացնի մի այնպիսի համակարգ, որը կդիմանա երկարատեւ պայքարի փորձությանը: Նման մի համակարգ է կուսակցությունը: Ես ինքս իմ էությամբ կուսակցական չեմ, չեմ էլ լինելու: Բայց ստեղծված այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, գտել է իր համախոհներին համախմբելու եւ երկարատեւ պայքարի տանելու ձեւը: Թե ինչ արդյունքներ կգրանցի՝ ցույց կտա ժամանակը: Այն շարժումը, որ մինչեւ այս պահը կար որպես ՀԱԿ՝ տարբեր կուսակցությունների դաշինք, լավն էր, լուրջ դերակատարում ուներ, մեծ դեր խաղաց երկրի քաղաքական կյանքում, բայց ներսում արդեն, ըստ ամենայնի, սկսվել էին այնպիսի խմորումներ, որ երկար կյանք ունենալ չէր կարող: Այն կամ իր դերն արդեն կատարել էր, կամ էլ այն քայքայելու խնդիր ունեցողներն էին հաջողության հասել: Նոր վճիռներ կայացնելու ժամանակն էր: Վերջապես նոր ստեղծված քաղաքական ուժին քննադատելու փոխարեն ավելի լավ կլինի նրան հաջողություններ մաղթել:
– Ի դեպ, նախօրեին, համաժողովրդական շարժման մեկ այլ ակտիվ մասնակից՝ Խաչատուր Սուքիասյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է: Համամի՞տ եք:
– Դժվար է Տիգրան Սարգսյանին բարեփոխիչ անվանելը, բայց տեսակետ է, եւ մարդն իր տեսակետն է հայտնել: Հարցազրույցի այդ հատվածն ունի նաեւ շարունակություն: Այդ դեպքում ինչո՞ւ չի բարեփոխում հարցին նա պատասխանում է՝ ես կարծում եմ՝ քաղաքական համակարգից է, իրենից չէ: Սա ավելի կարեւոր միտք է, քան Տիգրան Սարգսյանին բարեփոխիչ անվանելը: Եթե Տ. Սարգսյանը անգամ բարեփոխիչ լիներ, ապա նա ոչ մի բան էլ չէր կարող բարեփոխել, քանի որ երկրի քաղաքական համակարգը նրան թույլ չէր տալու դա անել: Իսկ եթե Տիգրան Սարգսյանի փոխարեն մի իրական բարեփոխիչ նշանակվեր այդ պաշտոնում, ապա նա, բախվելով Խաչատուր Սուքիասյանի նշած նույն քաղաքական համակարգին, կամ պետք է փոխվեր ու դառնար Տիգրան Սարգսյան, կամ պետք է հրաժարական ներկայացներ: Սուքիասյանը առաջին գործարարն է եղել, ով արհամարհելով ռեալ վտանգներն ու սպառնալիքները՝ կատարեց իր ընտրությունն ու կանգնեց այն շարժման կողքին, որը իշխանությունների թիրախում էր: Չեմ կարծում, թե նա չէր պատկերացնում վտանգի աստիճանը: Վստահ եմ՝ մտածված ու կշռադատված վճիռ էր կայացրել: Ի տարբերություն շատ գործարարների, դատելով նրա հրապարակային ելույթներից, նա ունի իր ուրույն պատկերացումները երկրի զարգացման ու տնտեսական համակարգի վերաբերյալ, որոնք նա հստակ արտահայտում է, առանց հաշվի առնելու՝ դուր կգա՞ն դրանք իշխանություններին, թե՞ ոչ: Մինչեւ այս պահը չեմ լսել, որ զղջացած կամ հրաժարված լինի ժամանակին իր կատարած ընտրությունից՝ չնայած նրա ու նրա ընտանիքի անդամների, նրանց բիզնեսի նկատմամբ եղած հալածանքներին: Իսկ Տիգրան Սարգսյանի մասին ասված կես խոսքը կամ կարծիքը չի նշանակում, թե հիմա էլ համաժողովրդական շարժումում պետք է Սուքիասյանին «հալածել»:
– Ձեւավորվեց նոր կառավարություն՝ տնտեսական հատվածի նախարարների մասնակի փոփոխությամբ: Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էլ ամեն օր խոսում են առանցքային փոփոխությունների մասին, որոնք արդեն եկող տարեսկզբից մեր մաշկի վրա պետք է զգանք: Հին ու նոր կառավարությունն իր ողջ ռեսուրսով ի զորո՞ւ է ռադիկալ փոփոխություններ իրականացնել:
– Ցանկացած կառավարություն կարող է արմատական փոփոխություններ անել, եթե նրա առաջ այդ խնդիրը դրվում է ամենայն լրջությամբ: Կրկին բախվում ենք հիշատակված քաղաքական համակարգին: Ի՞նչ խնդիր է դնում նախագահը վարչապետի առաջ: Եթե շարունակելու է պահանջել վարչապետից, որ իր մտերիմները, իր համար ընտրությունների ժամանակ «ձայն բերող» գործարարը, մարտի 1-ի մասնակից ու կազմակերպիչ դեմքերը, իր համար «աշխատող» կրիմինալը, իր հարազատները լինեն օրենքից դուրս, լինեն հարկային ու մաքսային համակարգերի տեսադաշտից դուրս, եթե ստեղծելու է այնպիսի միջավայր, որ անգամ իր յուրայիններն են իրենց ֆինանսական միջոցները, դրանք չկորցնելու վտանգից դրդված, երկրից դուրս բերելու, եթե երկրի տնտեսական դաշտը շարունակելու է բաժանել յուրայինների եւ ոչ յուրայինների միջեւ, եթե ոչ յուրայինները պետք է դիտարկվեն որպես թշնամիներ, եթե երկրի քաղաքական կյանքը մնալու է նույն վիճակում՝ նախագահի կամքին հնազանդ արդարադատությամբ, մարդու իրավունքների տխուր վիճակով, ուռճացված ու անհոգի բյուրոկրատական համակարգով, ապա որեւէ փոփոխություն լինել չի կարող:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ