ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
Վերջին տասը ամսում երեք կարեւորագույն ընտրությունների անցկացումը՝ խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու, իրապես շատ էր։ Հաշվի առնելով մեր խիստ «քաղաքականացված» հասարակությունն ու իշխանափոխությունների մասին կեղծ կամ չստացված մեկնարկները, մշտական խոստումներն ու վերջինիս հեռանկարի անհուսությունն ու անհող սպասումները՝ կարելի է հասկանալ, թե ինչու այդքան դժգույն, կանխատեսելի եւ գրեթե «անհավես» անցան ընտրությունները։
Այն, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց ընտրողների կեսից մի փոքր ավելին, արդեն խոսուն է ու, միեւնույն ժամանակ՝ բացատրելի։
Ու որքան էլ ընտրությունները դժգույն էին քաղաքական դեմքերի ու «անհավես» know-how-ների, քաղաքական show-ի առումով, սա չի նշանակում, թե մեր իրականությանը բնորոշ ընտրակեղծիքների ողջ գունապնակը գործի չդրվեց։ Քաղաքական մեծամասնության կողմից իշխանապահությանն ուղղված զինանոցը մարտական համար առաջին զորաշարժի էր կոչված. քրեական ու թաղային հեղինակություններ, գազելներում ու բազմաբնակարան շենքերի առնետաբույր միջանցքներում ցանկեր կազմող ու հաշվառող, հաստամարմին ու անպայման ժանգոտ, գզգզված մազերով կանայք, նարդու խաղը ժամանակավորապես դադարեցրած ու անվերապահորեն «թասիբից» խոսող տղամարդիկ (որոնց կանայք հիմնականում Թուրքիայում են վաստակում կամ էլ զառամյալ թոշակառուներ խնամում Ամերիկայում), ինչ-որ տզրուկ օլիգարխի բարեւից երջանկացած, սերիալներով սնված ու ընտրակարուսելի մասնագետ, անբովանդակ ու չրթող լակոտներ եւ, իհարկե՝ անմեղսունակ հայացքով «մտավորականների» մի կաստա, որը բոլոր ժամանակներում եւ անխուսափելիորեն իշխանության կողքին է՝ շատ պարզ փիլիսոփայությամբ. «ընտանիք եմ պահում, կերակրատաշտն ինչպե՞ս կորցնեմ»։
Կարդացեք նաև
Այս մասին շատ է խոսվել, նույնիսկ արժեզրկվելու չափ շատ, մանավանդ որ՝ ո՛չ կարողանում ենք կանխել, ո՛չ ապացուցել եւ ո՛չ էլ, ըստ էության, պայքարել դրա դեմ։ Ու երբ ասում եմ՝ պայքարել, միայն ընդդիմությանը նկատի չունեմ (ինչն ինքնին տրամաբանական է), այլեւ հասարակությանը, որն օվկիանոսի բնական ու առողջ ընդվզումով պիտի ինքնամաքրվեր, ազատվեր այդ քաղաքակրթական աղբից։
Բայց՝ ոչ, եւ ցավալին ու վտանգավորն էլ հենց այն է, որ այս ամբողջ շղթան այլեւս դարձել է նորմ, չափանիշ ու լեգիտիմացվել որպես քաղաքական ու հասարակական արժեք։ Անառարկելի է, որ այս «արժեքների» կարծրացածության ու վավերականության մեջ մեղավոր են Հայաստանում քաղաքական խաղի մասնակից բոլոր ուժերը՝ որոշներն իբրեւ ներմուծող, որոշները` դրանց դեմ անարդյունավետ կամ թվացյալ պայքարողներ։
Իհարկե, արդար չի լինի, եթե դարձյալ չարձանագրենք, որ մեր հասարակության մի զգալի հատված մերժեց ընտրությունները, բավական լուրջ մաս պարզապես չընդունեց ընդդիմության ուղերձներն ու արժեքները, իսկ ավելի պարզ՝ հուսահատված նախընտրական դաշինք ու միասնական ճակատ կազմելու ընդդիմության խրոնիկ անունակությունից, չհավատաց հետընտրական դաշինքի մասին հեքիաթներին, մանավանդ որ՝ գործող խորհրդարանն այս իմաստով առանձնապես հիմքեր չի տալիս։
Եվ բնական է, որ մեր հասարակության ապատիկ ու գործնապաշտ մի մեծ հատված, որը «նաղդի ու նիսյայի» ընտրության միջեւ «աղդի» կողմնակից է եւ առաջնորդվում է այդ պահին աչքի ու գրպանի տեսածով, նախընտրեց կանխատեսելի ու բացահայտ ներկան։ Ու եթե նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական կլիման ու ձայների հարաբերակցությունը թույլ էր տալիս բարձրաձայնել լեգիտիմության բարոյականության մասին, այս պարագայում քաղաքական մեծամասնությունն առավել հանգիստ ու համոզված լինելու առիթ ունի։
Իսկ ահագնացող արտագաղթի, 30%-անոց աղքատության, եռապատկվող արտաքին պարտքի կամ տնտեսական ճգնաժամի մասին խիստ տագնապալի պատկերն այլեւս սոսկ վիճակագրական փաստ է, եւ ո՛չ քաղաքական անկայունության եւ ո՛չ էլ հասարակությանը փողոց տանելու հիմք… անպտուղ ու անհետեւանք քննարկումները նույնիսկ այս խնդիրը դարձրին սովորական։
Հրապարակվեց կառավարության նոր, ըստ էության, հին կազմը։ Երկրի զարգացման հեռանկարում լուրջ ակնկալիքներ ունենալը որքանո՞վ է իրատեսական՝ դժվարանում եմ ասել։ Այնինչ երկրի քաղաքական այժմեականացման հրամայականն այլեւս ոչ թե այս կամ այն կուսակցության օրակարգի խնդիր է, այլ ազգային անվտանգության գերակա խնդիր, երկրի հետագա կենսագործունեության նախապայման։
Չեզոքացված կամ ինքնաչեզոքացած ընդդիմության, քաղաքական ինստիտուտների ու իշխանության ճյուղերի միջեւ հակակշիռների չգոյության, պարզապես քաղաքական մենաշնորհի պայմաններում բարեփոխման ակնկալիքն ու սպասումն ուղղվում են դեպի նախագահական։
Եվ պարզվում է՝ ոչ միայն քաղաքական բարեփոխման. այս ֆոնին զավեշտական, մի քիչ ողբերգական ու մի քիչ էլ հասկանալի է, երբ նույնիսկ «Անուշ» օպերայի անհաջող բեմադրության համար հայ մտավորականները հերթական բաց նամակն են գրում ուղիղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
Իսկ առայժմ քաղաքական մեծամասնությունն ուղեկցվում է պատերազմի իրավունքով՝ երկրի բոլոր ձախողումները բարդելով անավարտ պատերազմի վրա ու հայրենիքը ոտքի կոխան դարձնելով նրա որոշ «հերոսների» համար։
Արդարացվա՞ծ է կամ ժողովրդավարական պետության դասական, քաղաքագիտական սահմանումներով ճի՞շտ է արդյոք մեկ հոգուց, տվյալ պարագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ակնկալել, որ նա ներքին արժեքային վերադասավորումներ, այդ թվում՝ քաղաքական վարքագծային ու բովանդակային մաքրագործություն անելու համառություն ու կամք կունենա՝ դժվար է ասել, ժամանակը ցույց կտա։
Համաձայն եմ Հրանտ Մաթեւոսյանի հետ… ես էլ եմ հավատում յուրաքանչյուրի ու ամեն մեկի ճիգին… Մի՞թե սա է այլընտրանքը…
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ