Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր ու որդի՝ 3 քայլանոց բնակարանում

Մայիս 10,2013 13:45

a-3 a-114 քմ-անոց սենյակի հակահիգիենիկ ու անմարդկային պայմաններից մայր ու որդի «հազար ու մի» հիվանդության տեր են դարձել

Կիեւյան 8 ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 37 բնակարան մեր այցելության ժամանակ տանտիկինը՝ Արաքսյան, միջանցքում լվացք էր անում, միջանցքում, որովհետեւ այդ փոքրիկ բնակարան կոչվածը սանհանգույց չունի:

Լվացքը կիսատ թողնելով՝ տանտիկինը մեզ ներս հրավիրեց. տիկնոջ բնակարանում երեք ամբողջական քայլ անելուց հետո այն պարզապես ավարտվեց: Այդ փոքրիկ սենյակում չկա նաեւ խոհանոց ու պատշգամբ:

Արաքսյա Առուշանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գրեթե 20 տարի է՝ իր միակ զավակի՝ 14-ամյա Դավիթի հետ ապրում է ընդամենը 14 քմ-անոց բնակարանում. «Մարդ է՞լ 21-րդ դարում ապրի սենց տեղ, դուք սենց բան տեսե՞լ եք»: Սանհանգույցը սենյակից բավականին հեռու է, այն ընդհանուր օգտագործման համար է, հարկի բնակիչների մեծ մասն օգտվում է մեկ սանհանգույցից, ընդ որում, գիշերը զուգարան գնալու համար, ինչպես տիկինն ասաց՝ մեծ ռիսկի է պետք դիմել. միջանցքը չի լուսավորվում: «Այ, տեսնո՞ւմ եք ձեռքս, ձմռանը միջանցքում ընկել եմ ու կոտրել»,- վնասված ձեռքը ցույց տալով՝ ասաց տիկին Արաքսյան:

«Բաղնիք-զուգարան» ասվածն էլ ընդամենը սալիկապատված սենյակ էր, ջուրը ինքնուրույն տաքացնում են, հետո դույլերով կամ տաշտերով տեղափոխում ու մի կերպ լոգանք ընդունում:

Այդ փոքրիկ սենյակում մի «թախտ էր» դրված. դրա վրա Արաքսյայի որդին՝ Դավիթն է քնում, բայց «թախտն» արդեն փոքր է 14-ամյա տղայի համար. Դավիթն ամեն գիշեր կուչ եկած է քնում, եթե հանկարծ ոտքերը մի փոքր ձգի, հաստատ կկախվեն ներքեւ թախտից: «Հեսա մի քանի տարի հետո ինձնից զինվոր կուզեն: Ես ո՞նց տամ կամ ինչո՞ւ տամ, բա պետությունն էս զինվորին ո՞նց ա մեծացրել, որ մի հատ էլ ուզում ա բանակ տանի: Էս անմարդկային պայմաններում ապրած էրեխեն կկարողանա՞ բանակում ծառայի»,- վրդովված ու նեղսրտած ասաց Դավիթի մայրը:

Մոր հետ զրույցին մերթընդմերթ միջամտում էր Դավիթը, նա չնայած անչափահաս է, բայց կյանքից արդեն շատ բան է հասկանում. «Օրենքի առաջ բոլորն են, չէ՞, հավասար, բա ինչի՞ այստեղ մարդիկ մեկի տեղը մի քանի տուն ունեն կամ վարձով են տվել, կամ փակել են դուռը, գնացել, մենք էլ 2-ով ստիպված այս պուճուր սենյակում ենք: Ի՞նչ անենք, որ մենք ոչ ծանոթ ունենք, ոչ էլ թիկունք»:

Հակահիգիենիկ ու մարդկային նորմալ կյանքով ապրելու պայմաններից զրկված, ինչպես տիկին Արաքսյան վստահեցրեց, Դավիթը դեռ մանկուց աղիքային հիվանդություն է ձեռք բերել ու մինչ օրս հատուկ դիետայով է սնվում: Բայց դիետիկ սնունդն էլ էժան բան չէ: Այս ընտանիքն ընդամենը 22 հազար դրամ նպաստով է ապրում. «Ամսվա սկիզբն ա դեռ, բայց էդ նպաստից համարյա բան չի մնացել: Ես հիմա չեմ կարող աշխատել, մի քանի վիրահատություն եմ տարել, բայց աշխատանք փորձել եմ գտնել. ուր գնում էի՝ կամ ջահել աշխատող էին ուզում, կամ էլ հարցնում էին՝ անգլերեն գիտե՞ս: Ես հավաքարար էլ կաշխատեմ, բայց էլի ուր գնում եմ, ասում են՝ տեղ չկա»:

Տիկին Արաքսյայի հավաստմամբ՝ աջակցության համար դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից որեւէ պատասխան չի ստացել, իսկ Արաբկիրի թաղապետարանից ասել են՝ անզոր են օգնել. «Ես ավել բան չեմ ուզում: Գոնե մի փոքր հողակտոր տան, ես մի փոքր տուն սարքեմ»:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031