ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին:
Հիշեցնենք, որ փախստականների կարգավիճակի դադարեցման հարցերով «Առավոտը» հանդիպում ունեցավ Էլինար Վարդանյանի հետ: Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանին: Էլինար Վարդանյանը Գագիկ Եգանյանին ուղղված գրությամբ շեշտել էր. «Միգրացիոն պետական ծառայությունը հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 2012թ. հունվարի 11-ի թիվ 25/01-577 գրությունը, այն մասին, որ Ս. Հակոբյանի ծնողները 2002թ. մարտի 28-ին ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, իսկ նրանց որդու 18 տարին այդ պահին լրացած չի եղել եւ ղեկավարվելով այդ ժամանակ գործող «Փախստականների մասին» 1999թ. մարտի 3-ի (2004թ. խմբագրությամբ) ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վերջին պարբերությամբ, ըստ որի՝ «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն», Ս. Հակոբյանին զրկել են փախստականի կարգավիճակից, սակայն նշված օրենքի փոփոխությունը կատարվել է 2004թ. մարտի 3-ին, հետադարձ ուժ չի ունեցել եւ ոչ մի կերպ չէր կարող հիմք հանդիսանալ 2002թ. մարտի 28-ին Ս. Հակոբյանի ծնողների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու հետեւանքով նրան փախստականի կարգավիճակից զրկելուն»:
Ուշագրավ է, որ Էլինար Վարդանյանի այդ գրությանը պատասխան ուղարկած ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ոչ մի կերպ չի անդրադարձել, թե ինչ հիմքով է դադարեցրել փախստականի կարգավիճակը եւ հստակ չի պատասխանել հատկապես այն փաստին, որ օրենքի այդ փոփոխությունը ոչ մի կերպ չէր կարող հետադարձ ուժ ունենալ: Այդքանով հանդերձ՝ ՄՊԾ-ի կողմից ստացանք պատասխան գրություն, որտեղ պարզապես գրառված է, թե ինչ է արել Ս. Հակոբյանը, որի մասին բացարձակ տեղեկացնելու պետք նույնիսկ չկար, քանի որ հարկավոր էր ոչ թե անդրադառնալ, թե ինչ ընթացք է ունեցել, այլ այդ ընթացքն ի՞նչ հիմքով է առաջացել: ՄՊԾ-ն պատասխան գրությամբ արձագանքում է. «ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված համապատասխան պարտադիր լիազորությունների շրջանակներում եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30 եւ 34-րդ հոդվածներով սահմանված դրույթների համապատասխան՝ իր նախաձեռնությամբ 16.01.2012թ. հարուցել է վարչական վարույթ՝ ՀՀ-ում Ս. Հակոբյանի փախստականի կարգավիճակ ունենալու հիմքերը վերանայելու համար: Իրականացված վարչարարության արդյունքում 20.01.2012թ. ընդունվել է թիվ Մ-151/12-Փ որոշումը՝ Ս. Հակոբյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին, որը նա բողոքարկել է դատական կարգով: ՀՀ վարչական դատարանի 25.07. 2012թ. վճռով հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ Ս. Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.12.2012թ. որոշմամբ նույնպես մերժվել է: Տվյալ որոշումը սահմանված ժամկետում չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ»:
ՄՊԾ-ի պատասխան գրության մեջ հետաքրքիր է մի փաստ, նախ՝ ՄՊԾ-ն փախստականի կարգավիճակը դադարեցնելով՝ առաջնորդվել է ոչ թե «Փախստականների եւ ապաստանի մասին» ներկա պահին գործող ՀՀ օրենքով, ինչպես գրում է, այլ «Փախստականների մասին» ՀՀ ուժը կորցրած, չգործող օրենքով: Բացի դա, չի ներկայացվել, թե ինչի՞ հիմամբ է 2012 թվականին կարգավիճակը դադարեցնելուց կիրառվել 2004 թվականի օրենքը եւ դա չի արվել հենց այն ժամանակ, երբ, ըստ իրենց, պետք է արվեր: Այդ հարցերի հետ կապված՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն այժմ գրություն է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին, որտեղ նա կոչ է արել վերանայել ՄՊԾ-ի պատասխան գրությունը եւ ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկացնել: Կ. Անդրեասյանին ուղղված գրությունը պարունակում է առդիր 24 թերթ: Թերթերում ամենայն մանրամասնությամբ գրառված է ՄՊԾ-ի որոշումը՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ, վարչական եւ վարչական վերաքննիչ դատարանների վճիռները:
Կարդացեք նաև
Թե ի՞նչ ընթացք կունենա օրենքի մեկնաբանումն այս անգամ եւ թե ի՞նչ կձեռնարկի Կ. Անդրեասյանը, այդ մասին կտեղեկացնենք «Առավոտի» հետագա համարներում:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ