Մայիսի 7-ին Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես՝ գրաֆիկա/քանդակ: Ցուցահանդեսը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Մասնակիցների թվում են և՛ միության անդամները, և ՛ ոչ անդամները: Որպես գրաֆիկական և քանդակային ցուցահանդես՝ սա , թերևս առաջինն է: ՀՆՄ-ում կազմակերպվել են քանդակի կամ գրաֆիկայի ցուցահանդեսներ, սակայն նրանց համակցումը այլ որակ ու իմաստ է ստեղծում: Հետաքրքրական է, որ գրաֆիակայի՝ առաջին հայացքից սեղմ թվացող անվան ներքո, ներկայացված են տարաբնույթ տեխնիկաներով աշխատանքներ՝ գծանկարներ, պաստելային աշխատանքներ, ջրաներկ, գուաշ, ակրիլ, բազմաբնույթ կոլաժներ, գրիչ, յուղաներկ, տուշ, ածուխ և այլն: Տեխնիկայի և նյութի կիրառման բազմակիությամբ չեն զիջում նաև քանդակները՝ փայտե, կավե, երկաթե, բրոնզե, քարե: Ներկայացված են այլազան նկարիչների և քանդակագործների աշխատանքներ` թվով 190 նկար և 70 քանդակ: Լևոն Կոջոյանի , Կարեն Բաղդասարյանի, Ստեփան Մինասյանի , Ամալյա Վարդանյանի, Արմեն Աթայանի , Արտաշես Քեշիշյանի , Գոռ Հովհաննիսյանի, Հարություն Կարապետյանի, Աշոտ Յանի, Հայկ Թոքմաջյանի, Մելքոն Հովհաննիսյանի, Հասմիկ Ավետիսյանի և այլ բազմաթիվ մասնակիցների աշխատանքների սիմբիոզը միևնույն հարկի տակ ստեղծում է մշակութային հարուստ մի կոլորիտ, որն էլ գրավում է յուրաքանչյուր այցելուի, ստիպում խորհել, մտածել, վերլուծել ու հիանալ աշխատանքներով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ով առաջարկեց առաջին խոսքը տրամադրել մեծ վարպետ Լևոն Կոջոյանին: Վերջինս ասաց, թե ուրախ է , որ կարողանում է ներկա գտնվել ու մասնակցել ցուցահանդեսներին: Այնուհետև խոսեցին գրաֆիկայի սեկցիայի ղեկավար Սամվել Կարապետյանն ու քանդակի սեկցիայի ղեկավար Գետիկ Բաղդասարյանը: Կ. Աղամյանն ասաց, որ մայիսի 13-ին՝ ժամը 15:00 ՀՆՄ-ում տեղի կունենա այս ցուցահանդեսի զրույց-քննարկումը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 17-ը:
Լիլիթ Ստեփանյան
Կարդացեք նաև
Նկարիչների միության հասարակայնության
հետ կապերի պատասխանատու