Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսատեսի ռեակցիան բուռն է՝ բղավում են՝ բո՜ւ…

Մայիս 10,2013 13:15

Շտուտգարդի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Զազյանը՝ օտարերկրյա հանդիսատեսի մասին

«Առավոտը» օրերս հանդիպելով Շտուտգարդի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Զազյանի հետ, մեկ անգամ եւս համոզվեց, որ աշխարհի համարյա բոլոր բեմերում տարիներ շարունակ բարձրարվեստ կատարումներով հանդես են գալիս հայաստանցի արվեստագետներ, որոնց անունը մենք առաջին անգամ ենք լսում: Բալետի արտիստին նկատեցինք Ազգային օպերային թատրոնում վերջերս կայացած «Նորամուտի գալա համերգ» երեկոյի ընթացքում:

Արման Զազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գերմանիայում է 2003 թվականից: Նա 2002թ. մասնակցել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող բալետի երիտասարդ արտիստների մրցույթին, հրավեր է ստացել Շտուտգարդի Ջոն Կրանկոյի դպրոցում ուսումը շարունակելու: «Այն ժամանակ ես դեռեւս Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող էի եւ ղեկավարս էր Հովհաննես Դիվանյանը: Ամեն ինչ հիանալի էր, այնուհանդերձ, որոշում կայացրի ու մեկնեցի Շտուտգարդ: Ուսումս շարունակեցի Ռիդ Անդերսենի դասարանում, ով եւ դպրոցի տնօրենն էր, եւ թատրոնի բալետային խմբի ղեկավարը»,- հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ 2004թ. դպրոցն ավարտելուց հետո հրավեր է ստացել ու մինչ օրս բեմ է բարձրանում Շտուտգարդի թատրոնում: Արման Զազյանը հանդես է եկել Բազիլի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Մերկուցիոյի (Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»), ինչպես նաեւ դասական բալետային գրականության այլ մենապարերով ու միաժամանակ ընդգրկվել է Ջոն Կրանկոյի, Ջոննոյ Մայերի, Մարկո Կյոկեի, Ֆորսայդի, Քիլիանի, Քրիստիան Շպուկի եւ մյուս ժամանակակից խորեոգրաֆների բեմադրություններում:

Արվեստագետը հայտնեց նաեւ, որ Շտուտգարդի թատրոնում 2000թ.-ից մենապարող է նաեւ հայաստանցի հանդիսատեսին դարձյալ անծանոթ Պետրոս Տերտերյանը: Խոսելով Շտուտգարդի թատրոնի բալետային խմբի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ այն բաղկացած է շուրջ 70 պարողից, որից 3-4-ն են գերմանացի եւ տարին մեկ թարմացվում են աշխատանքային պայմանագրերը: Աշխատանքային ժամը սկսվում է 10-ից եւ ավարտվում 18-ին՝ ընդամենը մեկ ընդմիջումով, տարվա ընթացքում ունենում են 3 հյուրախաղ: Զազյանը խմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, Կորեայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր, իսկ անձնական հրավերներով բեմ բարձրացել Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Հետաքրքրվեցինք խաղացանկից. ո՞ր բեմադրությունների պահանջարկն է ավելի շատ՝ դասականի՞, թե՞ ժամանակակցի: «Խաղացանկում ունենք շուրջ 100 ներկայացում: Ի դեպ, դրանց գերակշռող մասի հեղինակները այլ երկրներից հրավիրված խորեոգրաֆներ են: Եվ դասական, եւ ժամանակակից ներկայացումների համար տոմսերը ամիսներ առաջ սպառվում են: Իսկ թե ինչ հաճախականությամբ են ընթանում դասական ու ժամանակակից խորեոգրաֆիայով ներկայացումները՝ հստակ բաժանում չկա: Մի բան կարող եմ ասել, որ աննկարագրելի խստապահանջ է տեղի հանդիսատեսը: Եթե չի գոհացնում մենապարողը կամ ներկայացումն ընդհանրապես, ռեակցիան շատ բուռն է, բղավում են՝ բո՜ւ…»,- ասաց Արմանը: Ռեպլիկին, թե փաստորեն աննկարագրելի պատրաստված հանդիսատես է, մեր զրուցակիցը նշեց. «Յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի ԶԼՄ-ներում, այդ թվում՝ մասնագիտական, հրապարակվում է հոդված, որում մասնագետը կամ լրագրողը՝ իբրեւ հանդիսատես, ներկայացանում է տվյալ բեմադրության եւ դրական, եւ բացասական կողմերը»: Հետաքրքրվեցինք նաեւ հովանավորներով: «Բալետային խմբի հովանավորն է աշխարհահռչակ Porsch մակնիշի ավտոմեքենաների արտադրողը: Եթե հետաքրքիր է, կարող եմ բարձրաձայնել նաեւ ամսական աշխատավարձի մասին. կորդեբալետի արտիստը ստանում է սկսած 1500 եվրոյից, իսկ մենապարողը՝ 2500-ից մինչեւ… Յուրաքանչյուր բեմելի համար հոնորար չի տրվում»:

Հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաները ի՞նչ հաճախականությամբ են հաճախում թատրոն, արվեստագետն ասաց. «Այլ թատրոնների նման, մեզ մոտ էլ կա պաշտոնյաների համար առանձնացված տեղ՝ թագավորական օթյակ, սակայն հաճախ արտիստներս չենք էլ իմանում, թե ինչ պաշտոնյա է ներկա գտնվել ներկայացմանը, քանի որ նրանք սովորաբար ընդհանուր հանդիսատեսի շարքերում են նստում»:

Ցանկանում էինք պարզել մեր զրուցակցի կարծիքը Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի մասին. Արմանը շրջանցելով հարցը՝ պատասխանեց. «Եթե չսնվես, բանականաբար սոված կմնաս: Իսկ պարողի համար սնունդը հաճախակի բեմ դուրս գալն է, ինչն էլ ցանկանում եմ հայաստանցի գործընկերներիս»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Լուսանկարում. Արման Զազյանը՝ Նապոլեոնի կերպարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031