Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը պնդում է ընտրություններին «քուչի տղերքը» միայն ՀՀԿ-ի օգտին չէ, որ աշխատել են

Մայիս 10,2013 12:43

«Ավագանու ընտրություններին կեղծ լրագրողների պակաս չզգացինք, կեղծ գրանցված հասարակական կազմակերպությունների վստահված անձանց ու դիտորդների պակաս չզգացինք… ընդհանուր առմամբ տեսանք, որ մինչեւ հաշվարկի սկսելը  տեղեկատվական գրոհ էր սկսվել, թե ով ինչքան ընտրախախտում կներկայացնի: Հաշվարկից հետո նրանց հռետորիկան փոխվեց»,- այսօր «Սլաք» ակումբում ավագանու ընտրություններին անդրադառնալով՝ ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքերով, տարօրինակ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միանգամից 162 տեղամաս վերահաշվարկի դիմում ներկայացրին. «Սա աննախադեպ փաստ է: Միաժամանակ տեսնում ենք, որ նրանք, չտեսնելով իրենց թերի քարոզարշավն ու կատարած աշխատանքը, մտածում են, որ շատ ձայներ պետք է վերցնեն, իսկ եթե չեն վերցնում ուրեմն ինչ-որ խնդիրներ եղել են: Եթե առավոտից մինչեւ երեկո յուրաքանչյուր տեղամասում առնվազն երեք տեսախցիկ է եղել ու առնվազն տասներկու վստահված անձ ներկա է եղել եւ արձանագրել ընտրական ամբողջ գործընթացը, այս դեպքում նորից վերահաշվարկ ներկայացնել, սա իմ կարծիքով այլ բնութագրում ունի, ինչը ես կհնչեցնեմ առաջիկայում»:

Դիտարկմանը, թե ընտրությունների օրը թաղային հեղինակությունների պակաս էլ չզգացվեց, ինչով էր դա պայմանավորված, պարոն Սահակյանն ասաց. «Թաղային հեղինակություն ձեւակերպումը ինձ տվեք, հասկանամ էդ որն է: Քուչի տղերք, պպզած տղերք նոր բառապաշար ենք մտցրել: Եթե այդ քուչի հեղինակությունները որեւէ մեկի ընտրական իրավունքը իրացնելու առումով խոչընդոտ ստեղծած լինեին, ու դուք փաստեր ունենայիք, վստահ եմ կդիմեիք համապատասխան մարմիններին: Եթե Շիրակից ու Աբովյանից ավտոբուսներով բերել են Երեւանում ընտրություններ են կազմակերպում, մեր Երեւանի տղերքն էլ  իրենց ընտրությունները իրենց թաղամասում կազմակերպում են, եւ վստահ եմ ոչ միայն մեր օգտին…  էդ տղերքի գովազդը չհնչի, առանձին անուններ կարող եմ նշել, թե ինչպես են իրենց քուչում կազմակերպել ընտրությունները»:

Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում տեղ գտած գնահատականներին, մասնավորապես քրեական պատասխանատվության ենթարկել վարչական ռեսուրսները օգտագործողների վերաբերյալ առաջարկին, պատգամավորն ասաց. «Այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել ընտրական գործընթացների մեջ, աշխատանքի մեջ չեն եղել, արձակուրդ գնացած են եղել… Լուրջ մեխանիզմներ ներառել ենք ընտրական օրենսգրքում՝ կապված քրեական պատասխանատվության հետ, բայց դա դեռ քննարկելու հարց է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    ,,քուչի տղերքը,, միայն ,,քուչի տղերքի,, օգտին են աշխատել: Ես ավելի լավ էր գետինը մտնեի, քան
    ,,քուչի տղա,, լինեի: Մի գուցե սահմանադրությամբ ամրագրել ,,քուչի տղերքի,, կարգավիճակը, որպես կեղծ Նժդեհականների հենարան հանդիսացողներ:

  2. Gala says:

    Ընդիմությունը որոշել է ԱԺ-ում առաջարկել որ Գելլափ-ին սոցիոլոգիական հարցում պատվիրեն հետևյալ թեմայով՝

    Ընտրություններին ՀՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հետևյալ հարցերով՝

    1. Բնակչության որ տոկոսին է ընտրակաշառք առաջարկվել:
    2. Որքա՞ն է եղել ընտրակաշառքի չափը:
    3. Բնակչության ո՞ր մասն է ընտրակաշառքը վերցրել և քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
    4. Բնակչության ո՞ր մասն է ընտրակաշառքը վերցրել և չի քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

    Սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակել մամուլում և անհատական կերպով ուղարկել Գալուստ Սահակյանին իր կուսակցության քաղխորհրդին տեղեկացնելու համար:

    Հետաքրքիր է իմանալ արդյո՞ք այդ հարցման արդյունքները ՀՀԿ-ն որպես ընտրակաշառք բաժանելու ապացույց կհամարի թե չէ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031