Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն»

Մայիս 10,2013 13:00

Անցյալ տարվա սեպտեմբերից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարբերաբար անցկացվում են երեկոներ՝ «Համերգ ճեմասրահում» խորագրով: Նախագծի հեղինակն է ֆագոտահար, արվեստագիտության թեկնածու Շմավոն Գրիգորյանը, երաժշտական ղեկավարը՝ Կարեն Դուրգարյանը: Օրերս կայացած հերթական համերգը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան կոմպոզիտորի դուստրը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյանը, եւ օպերային թատրոնի նվագախմբի արտիստներից կազմված անսամբլները: Արտերկրից հրավիրված էր Հոլանդիայում ապրող ու ստեղծագործող վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեն, որին «Առավոտը» զրույցի հրավիրեց:

Երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում՝ Շմավոն Գրիգորյանի հրավերով եւ հպարտ է, որ հանդես եկավ ճանաչված հայ կոմպոզիտորի գլուխգործոցներից մեկի՝ սյուիտի կատարումով, հայ երաժիշտների ընկերակցությամբ: Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ վարպետության դասընթացներ է վարել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Ազգային օպերային թատրոնում: Ողջունելով «Համերգ ճեմասրահում» նախագիծը, Լեւանը հայտնեց. «Այս համերգաշարի հեղինակին՝ Շմավոնին, ես վաղուց եմ ճանաչում: Նա հայաստանցի մի շարք երաժիշտների հետ, այդ թվում՝ Լեւոն Առաքելյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Լուսինե Աղաբաբյանի եւ այլ արվեստագետների, մասնակցել են Վրաստանում իմ կողմից հիմնադրված ու անցկացվող տարբեր փառատոների: Տեղեկացված եմ, որ հենց Շմավոնի նախաձեռնությամբ վերջին 7-8 ամիսներին Հայաստան են ժամանել Արեւմուտքում ճանաչված փողային գործիքների տարբեր երաժիշտներ, այդ թվում՝ Շվեյցարիայից հոբոյահար Յորդի Բերտրան Սաստրը եւ գալարափողահար Սայմըն Լյուիսը, «ալեքսանդրյան տեխնիկայի» դասախոս Սիլվա Բաումանը, դիրիժոր Մարկ Կիսոտին, Ֆրանսիայից ֆագոտահար Մելոդի Միշելը, «Կանցոնելի» հնագույն երաժշտության անսամբլը եւ այլն: Շմավոնն ինձ ասաց նաեւ, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում Հայաստան կժամանի նաեւ Շվեյցարիայի Լյուցեռնի թատրոնի տնօրեն, Բեռլինի «Շտատս օպերայի» դիրիժոր Միքայել Վենդբերգը»:

Հետաքրքրությանը, թե ծննդավայրում մի քանի փառատոների հեղինակը ինչո՞ւ է ապրում ու ստեղծագործում Ամստերդամում, Լեւանը նախ նշեց, թե հայաստանցի փողային գործիքային երաժշտության երկրպագուները պետք է շնորհակալ լինեն Շմավոնին՝ ում անձնական կապերի միջոցով են մեր երկիր այցելում փողային գործիքների կատարողներ, հայտնելով. «Իմ խորին համոզմամբ՝ խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն: Ես սա չեմ վախենում բարձրաձայնել ու մեղքն էլ ինչ-որ մեկի վրա չեմ գցում: Իսկ մեղավորը խորհրդային ռեժիմն է: Այն ժամանակ չկար ամենագլխավորը՝ տեղեկատվությունը: Հիմա, երբ սահմանները բաց են, ԽՍՀՄ նախկին երաժիշտներիս համար հնարավորություն է ընձեռվել հենց փողային գործիքների ծննդավայրում՝ Եվրոպայում կատարելագործվել, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին եւ այլնին: Ի տարբերություն մյուս գործիքների, փողային գործիքների դեպքում այդ տեխնոլոգիաները 10-15 տարվա ընթացքում նորանում են, կատարելագործվում»:

Նա նաեւ նշեց, որ Շմավոնի օրինակով, ով Երեւանի կոնսերվատորիայից հետո ուսումը շարունակել է Ցյուրիխի Արվեստի ինստիտուտում, ինքն էլ Թբիլիսիի կոնսերվատորիայի դասընթացներից հետո կատարելագործվել է Ամստերդամում եւ Նիցցայում ու, փաստորեն, երկուսն էլ լծվել են մեծ աշխատանքի՝ եվրոպական նորը ինտեգրելով հայրենիք: «Երկուսիս նպատակն էլ նույնն է՝ խթանել մեր երկրներում փողային գործիքների առաջընթացը, քանի որ ստեղծված տրադիցիոն ոճի ու ժամանակակցի միջեւ տարբերությունը մեծ է»,- ասաց Լեւան Ցխադաձեն:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Լեւան Ցխադաձեն (աջից) եւ Շմավոն Գրիգորյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031