Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Մայիս 10,2013 12:25
arami-mayry

«Անընդհատ սպասում եմ, որ պետք ա գա ու կանչի»
Արամի մայրը:

Արամ Մեժլումյանի մասին խոսելիս՝ հարազատներն առաջինը նշում են, որ սիրում էր աղավնիներ պահել ու հետեւել օդում նրանց թռիչքին. «Կենդանիներ շատ էր սիրում: Դեռ 8-9 տարեկանից նապաստակներ էր պահում ու ամեն առավոտ գնում էր դաշտից խոտ էր քաղում նապաստակների համար: Մի օր էլ դրսից մի շուն գտավ, ոտքը կոտրված էր, բերեց, վիրակապ դրեց ու պահեց բակում: Աղավնիներ էր պահում, անընդհատ վերեւ էր նայում, որ նոր աղավնիներ տեսներ: Աղունիկը դնում էր թեւի տակ, տանում էր դպրոցի բակում բաց էր թողնում: Հիմա հայրն է աղունիկներին խնամում»:

Արամ Մեժլումյանն ընտանիքի կրտսեր զավակն է՝ ծնվել է 1989թ. Արարատի մարզի Շահումյան գյուղում: Արամի ծնողներն այս տուն են տեղափոխվել մոտ 30 տարի առաջ: Արամն էլ այս տանն է ծնվել: Մայրը՝ Լաուրան, պատմում է Արամի մասին ու  հիշում, թե ինչպես էր հորդորում որդուն, երբեմն նույնիսկ բարկանում, որ  այդքան շատ ժամանակ չտրամադրի իր կենդանիներին եւ փոխարենն իր կրթության եւ դասերի վրա ավելի շատ ուշադրություն դարձնի: Բայց Արամը համառում էր: Լաուրան պատմում է նաեւ, որ որդին շատ գեղեցիկ եւ կոկիկ ձեռագիր ուներ, եւ դպրոցում ուսանելու ժամանակ նրա ամենասիրելի առարկան  աշխարհագրությունն էր: «Ուսուցչուհին նրա գրած թելադրությունը կպցրել էր պատին. էնքան անթերի էր գրված եղել: Ընդունակ էր, բայց չէր սովորում»,- ասում է մայրը:

2006-ին՝ դպրոցն ավարտելուց  հետո, Արամը մի քանի ամսով մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այնուհետեւ վերադառնում է եւ 2007-ին զորակոչվում է զինծառայության:

«Բանակային շատ լավ ընկերներ ունի, ովքեր պատմում են, թե ինչքան ուշադիր էր բոլորի հանդեպ, շոկոլադի նույնիսկ մի փոքր կտորը բոլորի հետ հավասար կիսում էր,- ասում է Արամի մայրն ու հիշում, որ որդին դեռ մանկուց էլ սովորություն ուներ ամեն բան քույրերի հետ կիսելու:- Եթե իրան մի հատ ծամոն տային, բերում էր հինգ մասի էր բաժանում՝ 3 քույրերին, ինձ ու իրան: Մի կոնֆետ էլ ունենար, քույրերի հետ կիսում էր անպայման: Շատ խղճով էր ու բարի»:

Արամի հայրը՝ 65-ամյա Միշա Մեժլումյանը, որդու մասին գրեթե չի խոսում, իսկ խոսելիս՝ հուզմունքը հազիվ է զսպում: Միշան զարմանքով է հիշում, թե ինչպես էր որդին կարիճներին ու օձերին այնպես պահում ձեռքի մեջ, որ սողունները նրան չէին վնասում:

«Էնպես էր բռնում, որ իրան չէին կծում, չորացնում էր, լաքապատում, գեղեցիկ հուշանվերներ էր սարքում ու նվիրում ծանոթներին: Մենք երբեք չէինք վիճում, ընկերներ էինք իրար հետ»,- ասում է հայրը:

Քույրերը շատ են կարոտում Արամին: Նարինեն պատմում է, որ եղբայրը փայտի վրա փորագրություններ էր անում. «Վերջին անգամ, որ նամակ էր գրել, մամայի համար փայտի վրա փորագրված խաչ էր ուղարկել, իսկ պապայի համար թզբեխ էր սարքել»:

Նարինեն ու Լիանան հիշում են, որ իրենց եղբայրը շատ ուշադիր էր տոն օրերին: «2009-ի մարտի 8-ին երեկոյան դուռը թակեցին: Բացեցի ու նայում եմ մի ծաղկեփունջ ա երեւում: Արամն էր. փնջով դեմքը փակել էր ու ձայն չէր հանում: Հանկարծ զինվորական կոշիկները տեսա եւ ուրախությունից գոռացի: Էնքան երջանիկ պահ էր: Արամիկը մամային մարտի 8-ի կապակցությամբ նվեր էր արել՝ առանց մեզ զգուշացնելու եկել էր ու ծաղիկներ բերել: Հիմա այդ փնջի վրա արհեստական ծաղիկներ ենք հավաքել: Արամը շատ զգայուն էր, փխրուն սիրտ ուներ, մեզ հետ միշտ կատակներ էր անում»,- հիշում է Արամի ավագ քույրը՝ 29-ամյա Լիանան:

Ծնողները պատմում են, որ չնայած Արամը տան կրտսերն էր, բայց միշտ փորձել է օգնել նրանց. լիմոնադի գործարանում էր աշխատում, ամռանն ընկերների հետ գնում էր բերքահավաքի, իսկ մինչ զինծառայության անցնելը՝ մի քանի ամսով մեկնել էր արտագնա աշխատանքի:

Ծառայակից ընկերները պատմել են, թե ինչպես էր Արամը որոշել ծառայությունն ավարտելուց  հետո բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանքի անցնել եւ վերանորոգել իրենց բնակարանը:

«Սիրտս ցավում է, բայց մյուս կողմից էլ հպարտանում եմ, որ երեխես սահման ա պահել, որ մեր երեխան վախկոտ չի եղել, հերոս ա եղել ու գնացել, միացել ա մեր բոլոր հերոսներին»,- ասում է Արամի հայրը:

«Ես միշտ աղոթում եմ՝ թող ոչ մի մայր արցունք չթափի: Ամենաուրախալի պահն ա, երբ որդիդ բանակից տուն ա վերադառնում ու դու գրկում ես նրան: Ես էլ էի սպասում դրան… 2007-ի նոյեմբերի 16-ին էր գնացել բանակ: Էս տարի էդ օրը նստած էի, անկախ ինձնից լուսամուտը բացեցի, նայում էի երկնքին ու մի հրաշքի սպասում: Միշտ սպասողական վիճակում եմ, էնպիսի տպավորություն ա, որ ծառայության մեջ ա ու հետ ա գալու: Անընդհատ սպասում եմ, որ պետք ա գա ու կանչի»,- կարոտով ասում է Արամի մայրը:

Արամ Մեժլումյանը զոհվել է 2009թ. օգոստոսի 4-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 20 տարեկան էր:

Թռի՛ր նամակ նետի պես,

Բացվի՛ր նամակ վարդի պես,

Խոսի՛ր նամակ ինչպես ես,

Համբուրում եմ մայրիկ քեզ:

(Արամի`բանակում գրած բանաստեղծությունը):

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Լուսանկարում. Արամը՝ հարազատների հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031