Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի ընտրությունն ու քաղաքապետի միլիոնները

Մայիս 10,2013 11:00

Ավարտվեց նաև Երևանի քաղաքապետի ընտրությունը: Չնայած գրեթե բոլորն են համոզված, որ միանգամայն լուրջ ընտրակաշառքներ և նույնքան լուրջ ընտրախախտումներ են եղել, այդուհանդերձ, այդ հանգամանքը մեզ չի զրկում տվյալ ընտրությունը համակողմանիորեն վերլուծելու հնարավորությունից ու իրավունքից:

Ընտրակաշառքի, ընտրակեղծիքների ու ընտրախախտումների հանգամանքը մշտապես մտքներիս մեջ ունենալով` կարող ենք արձանագրել, որ այս ընտրության հաղթողները չեն հաղթել, բայց պարտվողներն, այնուամենայնիվ, պարտվել են: Ընդ որում` իրենց իսկ պարտության մեջ իրենց իսկ մեղավորությունը որոշակի է ու ակնհայտ:

Սկսենք ՀԱԿ-ից: Չնայած ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը սերնդափոխության տեսանկյունից ամենագովելին ու նախընտրելին էր, այդուհանդերձ, մեկ այլ տեսանկյունից ՀԱԿ-ն այդ իսկ ցուցակով հաջողության հասնելու շատ քիչ շանսեր ուներ: Բանն այն է, որ ՀԱԿ վերանվանված ՀՀՇ-ից բացակայում են այն գործիչները (Ա. Զուրաբյան, Հ. Բագրատյան, Դ. Շահնազարյան, Ա. Արզումանյան, Ն. Փաշինյան, Կ. Ռուբինյան և ուրիշներ), որոնք անկասկած մայրաքաղաքային լիքը քվեներ կապահովեին ՀԱԿ-ի համար, չհաշված, որ նախընտրական շրջանում այլընտրանքային ՀԱԿ էլ էր գոյացել, և ընտրողներից շատերը կարող էին թյուրիմացության մեջ հայտնվել, և այդ պայմաններում ՀԱԿ-ի համար ցանկալի` եթե ոչ պարտադիր տարբերակն այն էր, որ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ գլխավորեր նախընտրական ցուցակը:

Այնուհետև: ՀԱԿ-ի նախընտրական քարոզչությունը հիմնականում բաղկացած էր Տարոն Մարգարյանի հակաքարոզչությունից, որը միօրինակության տպավորություն էր առաջացնում, և նույնիսկ Տարոն Մարգարյանի հայտարարագրած տասը միլիոն դոլարին անդրադարձները տպավորիչ չէին, որովհետև երևակայության պակաս չունեցող մեր ժողովուրդը մեր իշխանավորների ունեցվածքը ոչ թե միլիոններով է չափում, այլ` միլիարդներով: Էլ չենք խոսում այն մասին, որ ՀԱԿ-ի թիրախին մշտապես չհայտնվող գործիչներից ոմանց բնակարանի կահավորումը միայն տասը միլիոն դոլարից ավելի կարժենա:

Թալանն, իհարկե, ակնհայտ է, ընդ որում` շատերի թալանն է ակնհայտ, բայց Տարոնի տասը միլիոնի հետ կապված վտանգն էլ է ակնհայտ, որովհետև Տարոնի օրինակից դաս առնելով` Տարոնի կուսակիցները, զինակիցներն ու հակառակորդները հետայսու իրենց ունեցվածքի մեկ հազարերորդն էլ չեն հայտարարագրի:

Կարծում ենք` ՀԱԿ-ի նախընտրական քարոզչությունը պիտի առավելապես ու գերազանցապես հիմնվեր ժամանակին քաղաքապետ աշխատած Վահագն Խաչատրյանի արած գործերի վրա:

ՀԱԿ-ի վրա երկար կանգ առանք, որովհետև, ուզենք թե չուզենք, ՀԱԿ-ն իսկապես արմատական ընդդիմություն է, և ցանկալի էր, որ իրենք նաև քաղաքապետարանի աշխատանքներում մասնակցություն ունենային:

Առաջին հայացքից թվում էր թե` ՕԵԿ-ի Արմեն Երիցյանը խելացի ու գրագետ նախընտրական արշավ է անցկացնում, բայց կյանքը ցույց տվեց, որ իշխանության մաս կազմող կուսակցության համար դա ամենևին բավարար չէ: Ինչևէ. ՕԵԿ-ն ու անձամբ Երիցյանը կշարունակեն իշխանության հետ համագործակցել` եղածով գոհանալով:

Դժգոհելու առիթ առանձնապես չունի նաև «Բարգավաճը»: Այդ կուսակցությունը Ծառուկյանի առաջնորդությամբ վերանվաճեց պատվավոր երկրորդ տեղի դափնին:

Նույնիսկ «Ժառանգությունն » ու Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհելու տեղ չունեն: Նրանք գարնանային գլխապտույտներից ու սրացումներից հետո վերահաստատվեցին իրենց իրական տեղում:

Դաշնակցությունն, իհարկե, ներքուստ լավ էլ կդժգոհի, բայց արտաքուստ առանձնապես դժգոհություն չի արտահայտի` համարելով, որ իր համար կարևորը ոչ թե ինչ-որ ավագանու ընտրություններն են, այլ` ազգային հարցերը:

Կարճ ասած, գայլերը միանգամայն կուշտ են, իսկ ոչխարներն ընդհանուր առմամբ` ողջ, առողջ և նմանապես կուշտ: « Առաքելությունը»` ներառյալ:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031