Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԿԸՀ նախագահի՝ վերահաշվարկի արդյունքում ավելացել են միայն ՀՀԿ-ի ձայները

Մայիս 10,2013 10:39

Հատվածներ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հարցազրույցից:

   -Շեղումների՝ կուսակցությունների եւ «Բարեւ, Երեւան» դաշինքի ձեռքբերումների եւ կորուստների հաշվեկշիռն ինչպիսի՞ն է։
-Այս պահի դրությամբ «Առաքելության» ձայները նվազել են մեկով, ԲՀԿ-ի ցուցանիշը՝ 21, «Բարեւ, Երեւան» դաշինքինը՝ 6, ՀԱԿ-ինը՝ 7, Դաշնակցությանը՝ 2 ձայնով։ Հանրապետական կուսակցության ձայներն ավելացել են 11-ով, «Օրինաց երկրի» ձայները մնացել են անփոփոխ, անվավեր քվեաթերթիկների թիվն էլ մեծացել է 27-ով։
   -Ստացվում է, որ հանձնաժողովներն իրենց հաշվարկներում սխալվել են՝ ի վնաս Հանրապետականի՞։
-Ընդհանրացումներ չանենք, որովհետեւ սրանք հանրագումարի բերված թվեր են։ Առանձին տեղամասերում տարբերությունը կազմում է 1-2 ձայն։ Եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովներն աշխատում են առավոտյան 8-ից մինչեւ 20-ը, որից հետո սկսվում է արդյունքների ամփոփումը, ապա հասկանալի է, որ աշխատանքային նման ծանրաբեռնվածության, հոգնածության պայմաններում կարող են լինել չնչին շեղումներ։
Բացի դրանից, լինում են վիճահարույց քվեաթերթիկներ, որոնց վերաբերյալ ՏԸՀ-ը մի՛ որոշում է կայացրել՝ համարել է վավեր, ԸԸՀ-ը վերահաշվարկի ժամանակ իրավական այլ մոտեցում է արտահայտել։ Մի բան պարզ է՝ քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվել է ԸՕ պահանջներին համապատասխան։
   -Վերահաշվարկի դիմումների այս աննախադեպ՝ ռեկորդային բարձր ցուցանիշն ինչո՞վ է պայմանավորված։ 
-Իսկապես։ Նոր Ընտրական օրենսգրքի կիրարկումից՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից մինչ օրս երբեւէ վերահաշվարկի դիմումների նման մեծ քանակ չի արձանագրվել։ Ընդհանրապես դժվարանում եմ հիշել որեւէ նախադեպ, երբ ընտրություններից հետո վերահաշվարկի դիմումների նման հոսք գրանցվեր։
Այստեղ պետք է նկատի ունենալ շատ հետաքրքիր մի հանգամանք. վերահաշվարկի ժամանակ լինում են դեպքեր, երբ նույն ընտրատեղամասում քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովում այս կամ այն կուսակցությունը ներկայացնող անդամը կամ վստահված անձը գրում է շնորհակալանքի, դրվատանքի խոսքեր՝ փաստում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել ԸՕ պահանջներին լիովին համապատասխան, եւ հանկարծ նույն անձը ներկայացնում է վերահաշվարկի դիմում, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է։
Գաղտնիք չէ նաեւ, որ այդ դիմումներից շատերը գրված են եղել մինչեւ քվեարկության օրը։ Դիմումատուների բացատրություններից դատելով՝ բոլոր վստահված անձանց կողմից նման դիմումներ են հավաքվել, հետո ինչ-ինչ սկզբունքով առանձնացվել եւ ներկայացվել ընտրատարածքներ։
Եթե խոսքը վերաբերում է«Բարեւ, Երեւան» դաշինքին, այդ դիմումները ներկայացվել են ոչ թե կոնկրետ դիմումատուների, այլ մեկ քաղաքացու կողմից։ Սա ինքնին վկայում է, որ եղել են նախապես կազմված դիմումներ, եւ արդյունքների ամփոփումից հետո իրենք են որոշել՝ որ դիմումներով է նպատակահարմար վերահաշվարկ իրականացնել, որով՝ ոչ։

   -Ընտրությունների արդյունքների «անարժանահավատության» հիմնական փաստարկներից մեկն այն է, որ ընտրությունների ելքը որոշվել է ոչ թե տեղամասերում, այլ տեղամասերից դուրս։ Խոսքը վերաբերում է «զանգվածային ընտրակաշառքներին», թաղային հեղինակությունների անօրինական միջամտություններին եւ այլն։ 
-Առիթ ունեցել եմ ասելու՝ քվեարկության օրը հարյուր հազարավոր մարդիկ մտնում են իրավահարաբերությունների մեջ, եւ հնարավոր են առանձին անձանց կողմից տարաբնույթ անօրինական գործողություններ։ Բայց իրավունքի տարրական պահանջն է՝ եթե տեղի է ունեցել օրինախախտում, այն պետք է պատշաճ արձանագրվի եւ ներկայացվի իրավասու մարմիններին։ Այս պարագայում, երբ խոսվում է համատարած ընտրակաշառքների մասին, ենթադրվում է, որ պետք է լինի համապատասխան փաստ, եւ այդ փաստը պետք է դառնա քննության առարկա։
Այս պահի դրությամբ, որքան գիտեմ, զանգվածային ընտրակաշառքի փաստ չի արձանագրվել՝ նույնիսկ եթե հաշվի առնենք քվեարկության օրը տարբեր կայքերում զետեղված տեղեկությունները, որոնց մեծամասնությունը ընդհանրապես կապ չուներ իրականության հետ։ Մյուսները ունեն լոկալ բնույթ, եւ ընդ որում՝ այդ դեպքերի հետ կապված փաստական հանգամանքներն էլ դեռ պետք է ուսումնասիրվեն եւ իրավական գնահատական ստանան։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031