Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվեց 2012-2013թթ. ընտրաշրջանը եւ մինչեւ 2017 թվականը երկիրը թեւակոխեց քաղաքական զարգացումների մի նոր շրջափուլ, որում պահպանվելու են ինչպես նախորդ տարիներից մնացած հիմնահարցերը, այնպես էլ լուծման պարտավորությունն ունեցող քաղաքական ուժերի ընդհանուր հարաբերակցությունը։
Անշուշտ, այս անգամ հետընտրական քաղաքական լուրջ ցնցումներ չեղան, բայց սա չի նշանակում, թե դրանք բացառվում են առաջիկա տարիների ընթացքում, որոնց հատկանշական է լինելու նաեւ բարդ ու անկանխատեսելի արտաքին քաղաքական կացությունը։ Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը երկար ժամանակ չունի երկրում գոյություն ունեցող պրոբլեմների հիմնավոր լուծումները գտնելու համար, քանզի երկրի տնտեսական կացությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը եւ դրանցով պայմանավորված արտագաղթի բարձր տեմպերը լուրջ անհանգստության տեղիք են տալիս։
Այս ամենը, սակայն, առաջին հերթին իշխանությունների լուծելիք խնդիրն է, քանի որ ընդդիմությունը զբաղվելու է ո՛չ պակաս բարդ հարցերով։
Ակնհայտ է, որ ընդդիմությունը զգում է որոշակի դադարի ու կատարվածի ամբողջական վերաիմաստավորման կարիքը, ինչը, սակայն, երկար չի կարող տեւել։
Պատճառն այն է, որ անցած ընտրաշրջանին այս կամ այն չափով մասնակցած ընդդիմադիր ուժերի ժամանակավոր պասիվացման պայմաններում ակտիվացման միտումներ են դրսեւորում հասարակական մի շարք կազմակերպություններ։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել ոչ միայն զանազան իրավապաշտպան ու բնապահպանական կազմակերպություններին, այլեւ համեմատաբար բազմամարդ «Սարդարապատ» շարժմանը, որը հանրահավաքներ է սկսում՝ փորձելով համոզել, թե անիմաստ էին ընտրություններին մասնակցելու եւ նրանց միջոցով քաղաքական հարցեր լուծելու ընդդիմադիր կուսակցությունների ջանքերը։
Այս իրավիճակում անխուսափելի է դառնում նաեւ հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների գործունեության վերաիմաստավորումը՝ նկատի ունենալով ավարտված ընտրաշրջանում նրանց արձանագրած համեստ արդյունքները։
Երկարատեւ հետընտրական «պաուզան» կարող է հանգեցնել նրան, որ հասարակությունը կփորձի «նոր կուռքեր» գտնել եւ գնալ նրանց հետեւից։ Իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը ավարտված ընտրություններից հետո նկատելիորեն արմատականացել է։ Դրա պատճառը երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն է, անորոշության ու արտագաղթի ուժեղացող միտումները։
Հետընտրական շրջանում այս հանգամանքը ազդեցություն է գործելու Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի վրա, որը 4-5 տարի կրավորական վիճակում մնալու պարագայում կարող է կորցնել նաեւ վստահության այն չափաբաժինը, որն ունի այսօր։ Դա վերաբերում է նախեւառաջ խորհրդարանական քաղաքական ուժերին, որոնք կանգնել են ինչպես գաղափարական, այնպես էլ մարտավարական խնդիրների ու առաջնահերթությունների վերանայման մի շարք հրամայականների առջեւ։
Դրանց գումարվում է նաեւ սերնդափոխության խնդիրը, որն առաջիկա տարիներին ընդհանուր մտահոգություն է դառնալու ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական ուժերի համար։ 2017-2018 թթ. ընտրաշրջանում Հայաստանն ունենալու է ոչ միայն նոր խորհրդարան, այլեւ նոր նախագահ, ուստիեւ այսօրվանից հարկ է մտածել ներկայումս գործող դեմքերին փոխարինող թեկնածուների մասին։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»