Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Թարումյանը՝ ռուսական վարժարանի մասին. Ռուսաստանից հրաման կար՝ հլու-հնազանդ կատարեցին

Մայիս 09,2013 23:03

Մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին, իսկ ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ռուսական վարժարանը (ավագ դպրոցը) բացվում է օրենքի տառին համապատասխան, եւ այն ապահովելու է միջազգային կրթական ծրագրի դասավանդումը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը մեկնաբանելով այս լուրը, Aravot.am-ին ասաց. «Դա ընդունված «Լեզվի մասին օրենքի» փոփոխությունների շարունակությունն է, ինչպես ասում են՝ ինչ որ եղավ, եղավ: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք՝ դա իր շարունակությունն ունենալու է, իսկ մեզ ասում էին, թե նման ոչ մի բան չկա: Մենք վստահ էինք, որ օրինականացվելու են անօրինական գործող դպրոցները, ու նորերն են ստեղծվելու: Իսկ ես մասնավորապես ասում էի, որ այդ ամենն արվում է հիմնականում ռուսաց լեզվի համար, որովհետեւ մյուս լեզուները, օրինակ՝ ֆրանսերենը կամ անգլերենը խնդիրներ չունեն եւ մարդիկ առանց դրա էլ գնալու են եւ սովորելու են ֆրանսերեն ու անգլերեն, իսկ դա արվում է հենց ռուսաց լեզվի պայմանները լավացնելու համար»:

Իսկ ինչ վերաբերում է ԿԳ նախարարի այն արտահայտությանը, որ ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան, այս մասին էլ պարոն Թարումյանը նշեց. «Իհարկե օրենքներն իրենց ձեռքում են՝ ինչ ուզեն, կանեն: Ի դեպ, մարդիկ շփոթում են օրենքի եւ հրամանի տարբերությունը: Օրենքը բնությունից է գալիս, հրամանն արձակվում է իշխանության կողմից: Հիմա սա ոչ թե օրենք էր, այլ հրաման: Հրաման՝ բացել ռուսական դպրոցներ: Հրամանն էլ եղել էր Ռուսաստանից, իրենք էլ հլու-հնազանդ կատարեցին: Միամիտ մարդ չկա»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առնչությամբ: Այդ փոփոխություններն, ըստ էության, օրինականացնում էին մեր երկրում օտարալեզու դպրոցներ բացելը: Ավելին, այժմ օտարալեզու դպրոցներ հնարավոր է բացել միջկառավարական եւ միջպետական համաձայնագրերի հիման վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031