Թիվ 11 ընտրատարածքի 11/16 տեղամասի հանձնաժողովի աշխատանքից դժգոհ է ոչ միայն «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը, այլեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահը:
«16 տեղամասում իսկապես կազմակերպչական լուրջ խնդիրներ կան, հանձնաժողովի նախագահը կազմակերպչական հարցերում, մեղմ ասած, թերացել է»,-Aravot.am-ին ասաց ԸԸՀ նախագահ Կարեն Մխիթարյանը:
«Բարեւ Երեւան» Դաշինքի դիմումով այդ տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկին մասնակցող Անահիտ Բախշյանն էլ պատմեց, որ տեղամասային արձանագրության հետ ոչ մի թիվ վերահաշվարկի ժամանակ չհամապատասխանեց: Պարզվում է՝ տեղամասում արձանագրել են 9 անվավեր քվաթերթիկ, վերահաշվարկի ժամանակ պարկում գտել են ութը:
ԲՀԿ-ի օգտին արձանագրված քվեաթերթիկների թիվը 265 էր, վերահաշվարկող հանձնաժողովականները պարկում գտել են 264-ը, որից 7–ը բացահայտ անվավեր են եղել, իսկ երկուսը` ՀՀԿ-ի օգտին քվեարկածներ: «Ստացվեց՝ ԲՀԿ-ի քվեների թիվը տասով պակասեց»,- ասաց տիկին Բախշյանը:
Կարդացեք նաև
«Բարեւ Երեւան» Դաշինքի արձանագրված քվեաթերթիկների թիվը 66 էր, որից 2-ը վերահաշվարկի ժամանակ անվավեր են ճանաչվել, ՀԱԿ-ի 40 քվեաթերթիկներից էլ 3-ը ՀՀԿ-ի ձայներն էին, իսկ ՀՅԴ-ի 37 քվեաթերթիկներից 1-ը կրկին անվավեր է եղել, ՀՀԿ-ի օգտին արձանագրված 524 քվեաթերթիկներից էլ պարկում վերահաշվարկի ժամանակ գտել են 521-ը: «Ստացվեց, որ ընտրողների ցուցակներում եղել է 960 ստորագրություն, բայց քվեաթերթիկների իրական թիվը երկուսով պակաս էր: Ընտրատեղամասը 1650 քվեաթերթիկ էր ստացել, բայց երբ մարված ու պարկում եղած քվեաթերթիկները գումարում ես իրար 1646 է ստացվում, չորս քվեաթերթիկ չկա»,- պատմեց տիկին Բախշյանը:
Ի դեպ, ականատեսների պատմելով, այդ տեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը մայիսի 5-ին՝ ավագանու ընտրությունների օրը, տեղամասում մոմեր է վառել, ու երբ նրանից հարցրել են՝ ինչու, պատասխանել է՝ չարքերին եմ քշում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ