Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էդ ո՞վ էր պատրաստվում 100 մարդ սպանել». Հարցեր՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

Մայիս 09,2013 22:51

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը  համաձայն չէ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջերս արած այն հայտարարության հետ, որ ապրիլի 9-ին կարող էին զոհեր լինել, հարյուրավոր մարդիկ զոհվել: «Քաղաքական գործիչները, մանավանդ այդ մակարդակի եւ ծավալի, պետք է մի փոքր ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում: Էդ ո՞վ էր պատրաստվում հարյուր մարդ սպանել: Ոստիկաննե՞րը, որոնց ղեկավարի հետ ինքը բավականին երկար քայլեց: Թե՞ իր համախոհները: Ո՞ւմ ձեռքով պետք է այդ հարյուր մարդը սպանվեր»,- հարցեր է հնչեցնում մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ օրն ինքը եղել է պայքարի առաջին գծում եւ չի տեսել ոստիկաններ, ովքեր տրամադրված էին մարդկանց սպանել: Շահվերդյանը նման նկրտումներ ունեցող մարդկանց չի տեսել  Հովհաննիսյանի համախոհների շրջանում: Ավելին, գտնում է, որ ամեն ինչ շատ խաղաղ էր այդ օրը եւ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ էին զարգացումները: Նա այսօր էլ փաստում է, որ ճիշտ քաղաքական քայլեր չարվեցին, որոնք հանգեցրեցին այն արդյունքին, ինչ որ ունեցանք:

Հիշեցնենք, որ ՀԱՍԿ-ը նախագահական ընտրություններում սատարում էր Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

«Ավագանու ընտրություններով արդեն հստակ պետք է ֆիքսել, որ Հայաստանում ընտրական համակարգով իշխանափոխության հնարավոր չէ հասնել, այդ մտքից պետք է հրաժարվել: Անիմաստ են այն բոլոր հայտարարությունները, որ պետք է պատրաստվել հաջորդ ընտրություններին: Մեր երկիրն ու ժողովուրդն այդ ռեսուրսը չունեն: Չմոռանանք, որ մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք եւ նման հասարակությունով մենք չենք կարող հաղթական պատերազմ մղել: Հույս դնել, որ արտաքին ուժերը թույլ չեն տա, որ պատերազմ լինի, նույնպես լուրջ չէ: Նայեք, թե 100 տարի առաջ ի՞նչ է եղել եւ հետեւություններ արեք: Այսօր կրկնվում է այն, ինչ եղել է 100 տարի առաջ»,- ասում է Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, որ այլեւս չպետք է զարմանալ այն իրողությունից, որ իշխանավորները կառչած են իշխանությունից եւ որեւէ կերպ չեն ցանկանում զիջել: Գլխավոր հարցը մեր զրուցակիցը համարում է այն, թե արդյո՞ք իշխանության մրցակիցները համարժեք քայլեր կարող են անել:

«Վերջին 5-6 ամիսներին Հայաստանում բավականին հետաքրքիր գործընթացներ եղան, որոնք ես սովորական չեմ համարում ու դրանց արդյունքում, այսօր Հայաստանում, ըստ իս, ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական, թե հասարակական մտածողության տեսակետից: Կարծում եմ, որ եթե հետագա գործընթացները ճիշտ գեներացվեն, դա շատ որոշակի արդյունքներ կունենա»,- կարծում է ՀԱՍԿ նախագահը:

Թե ինչը նկատի ունի՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմա կարծես հասարակական այնպիսի ընկալում է, որ գործընթացներն արդյունք չտվեցին, որովհետեւ վերջին երկու ընտրություններից հասարակությունը լուրջ փոփոխություններ էր սպասում: Մարդիկ ռեալ իշխանափոխություն էին սպասում կամ էլ իշխանությունների մեջ ռեալ փոփոխություններ, ինչն էլ բերելու էր մարդկանց կյանքի հետագա փոփոխությունների՝ բոլոր բնագավառներում: Բայց, արտաքուստ ամեն ինչ նույնն է ու դա շատերի մոտ այնպիսի տրամադրություններ է առաջացրել, որ կրկին ոչինչ չփոխվեց, ինչի արդյունքում մարդիկ Հայաստանից արդեն ոչ թե արտագաղթում են, այլ փախչում են: Բայց ես իմ հայրենակիցներին հորդորում եմ չշտապել իրենց եզրակացություններում եւ արտագաղթելու արագ որոշումներ չկայացնեն, որքան էլ որ վիճակը բարդ է եւ դժվար: Եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն, հասարակական պահանջարկը հստակ ձեւակերպվի, Հայաստանում 2-3 ամսվա ընթացքում կարելի է իշխանափոխություն կատարել: Սրանք դատարկ, օդում ասված խոսքեր չեն, ռեալ մտածված ծրագրի արդյունք է: Պետք է հստակ գործողությունների ծրագիր, որը կա: Թիմ, որը ես տեսնում եմ տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում, նրանք հայրենասեր եւ գործ անող մարդիկ են եւ ֆինանսավորում»: Խնդիրը, մեր զրուցակիցը չի համարում  հեղափոխություն իրականացնելը. ամեն ինչ կարող է լինել նաեւ քաղաքական քայլերի արդյունքում. «Հայաստանում հետաքրքիր մտածողություն կա. բոլորը գտնում են, որ բժիշկը պետք է պրոֆեսիոնալ լինի, կոշկակարը նույնպես, բայց քաղաքականությամբ կարող են զբաղվել բոլոր նրանք, ովքեր ազատ ժամանակ, ֆինանսական միջոցներ կամ հավես ունեն: Մեր քաղաքական ուժերն էլ պետք է արդեն գիտակցեն, որ քաղաքականությունը բարձր պրոֆեսիոնալների գործն է»:

Մեր զրուցակիցը չի հրապարակում իր պատկերացրած քայլերի հաջորդականությունը, ընդունված չէ, բայց վստահեցնում է, որ ելք կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031