Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը՝ մեդիայի մասով. միջավայրն ազատ էր, բայց խնդիրներ կան»

Մայիս 09,2013 22:27

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է հետընտրական վերջնական զեկույցը:

Լրատվամիջոցների մասով զեկույցում ասվում է, որ Հայաստանում հեռուստատեսությունը տեղեկատվության ամենակարևոր աղբյուրն է, հատկապես Երևանից դուրս: «Հ1» Հանրային հեռուստատեսությունը, որը հեռարձակվում է ամբողջ երկրով, համարվում է ամենաազդեցիկ լրատվամիջոցը: Մինչդեռ տպագիր մամուլի ազդեցությունը փոքրանում է: Արագորեն աճում է ընթերցողների քանակը առցանց լրատվամիջոցներում, որոնց մեջ կան քաղաքականապես կողմնորոշվածներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ողջունել են նախընտրական շրջանում լրատվամիջոցների ավելի ազատ միջավայրը և տեղեկատվության բազմազանությունը, հատկապես ինտերնետում: Ամեն դեպքում, նրանք մատնանշում են դեռևս առկա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրինակ, ինքնագրաքննությունը և լրատվամիջոցների սեփականման որոշակի դեպքեր, որոնք բացասաբար են ազդում բազմակարծության և խմբագրական ազատության վրա:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ուսումնասիրել է 6 հեռուստաընկերության, 2 ռադիոկայանի, 2 առցանց լրատվամիջոցի և 3 թերթի ընտրություններին առնչվող նյութերը:

Զեկույցում ասվում է, որ լրատվամիջոցները զգալի ուշադրություն էին դարձնում քաղաքականությանը և ընտրություններին առնչվող լուրերին:

Ուսումնասիրված լրատվամիջոցների մեծ մասը (բացի «Արմ նյուզ»-ից, «Երկիր Մեդիա»-ից և «Ազատություն»-ից) դիտողներին առաջարկել է պաշտոնական լուրերի լուսաբանում` կենտրոնանալով քարոզչական միջոցառումների, այլ ոչ թե քաղաքական ծրագրերի վրա, ու այդպիսով քարոզարշավների հետ կապված վերլուծական լուսաբանում չէին տրամադրում: Դրան հակառակ, տպագիր և առցանց մամուլը առաջարկում էր քննադատական մեկնաբանություններ և վերլուծություններ:

Սերժ Սարգսյանին ամենաշատը լուսաբանել են երկու ամենահայտնի մասնավոր հեռուստաալիքներով` «Արմենիա»-ով և «Շանթ»-ով, 32% և 30% համապատասխանաբար, գրեթե ամբողջը դրական կամ չեզոք լուսաբանում է եղել: Րաֆֆի Հովհաննիսյանին ամենաշատը լուսաբանել են «Հ2»-ով և «Կենտրոն»-ով, 29% և 26% համապատասխանաբար:

Ասվում է, որ «Հ1»-ի «Տեսանկյուն» վերլուծական հաղորդումը կողմնակալություն էր ցուցաբերում որոշ ընդդիմադիր կուսակցությունների և որոշ թեկնածուների դեմ:

Առցանց լրատվամիջոցները, այդ թվում ավանդական թերթերի կայքերը, առաջարկում էին տեսակետների լայն բազմազանություն:

Պետության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետություն» թերթը նախապատվությունը տալիս էր Սերժ Սարգսյանին` թեկնածուների համար հատկացված տարածքի 21%-ը տրամադրելով նրան, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ը հստակ կողմնակալություն էր անում Սերժ Սարգսյանի դեմ` 39% խիստ քննադատական վերլուծություններով: «Առավոտ» թերթի քարոզարշավի լուսաբանումը հավասարակշռված էր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031