Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուշիի դերի գիտակցումն էր ազատագրման հիմքում. կարծում են ազատամարտիկները

Մայիս 09,2013 21:15

Շուշիի ազատագրման օրվա առթիվ ազատագրման պատմական ու ռազմական կարևորության, հետաքրքիր իրողությունների ու պատերազմական քրոնիկոնների մասին լրագրողների հետ այսօր կիսվեցին Շուշիի ազատագրման մասնակից, ազատամարտիկ Տիգրան Խանումյանը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մարտական ջոկատի պատասխանատու Իգոր Սարգսյանը և նույն ջոկատի մարտիկ Արթուր Եղիազարյանը:

Մարտիկներից յուրաքանչյուրն էլ, անգամ ժամային մանրամասներով, հիշում է 21 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը:

«1992 թ. մայիսի 7-ի գիշերը բարձրացել ենք Շուշի, ժամը 3-ին մեր գրադը արդեն սկսեց աշխատել, առավոտյան 6-ին մենք անցանք հարձակման, հետո մտանք Շուշիի բարձունք, ժամը 7-ին դիմացի պոստերն արդեն ոչնչացված էին, իսկ առավոտյան 9-ին սկսվեց բուն մարտը»,-հիշում է Տիգրան Խանումյանը:

Նրա խոսքով՝ իրենք տեղանքին այնքան էլ լավ ծանոթ չէին, կռվում էին ինչպես կարողանում էին, բայց ամենակարևորը կռվում էին անձնվիրաբար և որևէ մեկը չէր մտածում վախի, զոհվելու մեծ հավանականության մասին:

Իգոր Սարգսյանի ձևակերպմամբ էլ՝ այդտեղ կռվում էին տղաներ, ովքեր հստակ գիտեին իրենց նպատակը:

«Շատ մասնակիցներ գիտակցաբար էին դուրս եկել կռվի՝ հասկանալով, որ մեր երեխաների ճակատագիրը հենց այդ կռվից էր կախված: Արժանի անվտանգ ապագան հենց այդ բարձունքներից է սկսվում»,- անդրադառնալով 21 տարի առաջ տեղի ունեցած Շուշիի ազատագրման օպերացիայի ռազմական նշանակությանը՝ նշեց Սարգսյանը:

Մարտիկները պատմում են, որ իրենց ուրախությանը չափ չկար, երբ Շուշիի ազատագրումը փառքով իրականացրին:

«Մինչև մարտական գործողությունն էլ մեր մեջ արդեն կար գիտակցում, որ եթե Շուշին ազատագրենք, դա կլինի մեր պապերի երազանքի իրականացումը, և այն զգացողությունը, որ հենց մենք ենք այդտեղ, մեր ձեռքով այդ հողը պիտի ազատագրվի, մեզ մեծ ուժ էր տալիս»,-ավելացրեց Իգոր Սարգսյանը:

Արթուր Եղիազարյանի խոսքով էլ հենց Շուշիի դերի գիտակցումն է եղել ազատագրման հիմքում, որովհետև այն հայոց հնագույն քաղաքներից մեկի ազատագրումն էր:

«Շուշին հայ կամավորության ռազմական մտքի գագաթնակետն էր: Այդ հողի ազատագրումը ֆենոմենալ է նրանով, որ սովորաբար պաշտպանության մեջ գտնվողը ավելի հզոր է, քան հարձակվողը: Մեր դեպքում հակառակն էր՝ ավելի փոքր ուժերով հարձակվում էինք ավելի մեծ ուժերի վրա և հաջողության հասանք»,-նշեց Արթուր Եղիազարյանը:

Անի ՄԻՐԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031