2013թ. մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 68-րդ եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձների կապակցությամբ հանդիսավոր միջոցառում կայացավ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում: Քաղաքի բարձունքում գտնվող Մեծ հայրենականի զոհվածների հուշակոթողի մոտ ելույթ ունեցան Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանի խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը («Մուրոն»), Նոյեմբերյանի նախկին զինկոմ Սերգեյ Մարտիրոսյանը:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ Հայրենական պատերազմի վետերան, Նոյեմբերյան քաղաքի ներկայումս կենդանի 3 բնակիչներից հանդիսությանը ներկա է միայն 89-ամյա Ավետիք Ասատրյանը, մյուս 2 վետերանները վատառողջ են: Ներկաները ծափահարություններով ողջունեցին «վերջին մոհիկան» Ավետիք Ասատրյանին, ով երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում հանդիպել է իր հորը, կռվել նրա կողքին, Լեհաստանում հուղարկավորել նրան: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները եղան Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում, ուր, ինչպես Մեծ Հայրենականի տարիներին, դաշտային խոհանոց էր բացվել, ռուսական բորշչ եւ մարտական 100 գրամ օղի էր տրվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ