Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում կառավարության կազմի փոփոխությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանյան իրականության հետ կապ չունեցող»:
Ավագանու մանդատները վերցնելու առնչությամբ նա ասաց, որ կլինի հավաքական որոշում, բայց անձամբ ինքը կողմնակից է պետականության մասնակցային ժողովրդավարությանը. «Բոյկոտը համատարած լինի, բայց առանձին-առանձին դրանք ուղղակի կուսակցական հուզական խնդիրներ են, եւ ես կարծում եմ, որ հավաքական պատասխանատվության որոշման հետքերով, եթե ի վերջո մտնի 6-7 հոգով «Բարեւ Երեւան» դաշինքը, ինքը ցույց կտա, թե ինչպես պետք է աշխատի ապագայում: Բայց սա չի նշանակում, որ մենք ընդունում ենք այս ընտրությունների իրավականությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ինքնին հաջողություն չէ, որ Բարեւ Երեւանը մտավ ավագանու կազմ, որովհետեւ ազատ, արդար ընտրության դեպքում դաշինքը պետք է գրավեր առաջին կամ երկրորդ տեղը եւ պիտի ներկայացված լինեին ընդդիմադիր բոլոր կուսակցությունները:
Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն արդար ճանապարհով է անցել՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ համատարած եղել են ընտրակեղծիքներ, փողի բաժանում: Ինձ հասած տվյալներով՝ փողի բաժանման պահերը պատկանել են ոչ միայն մի կուսակցության, այլ նվազագույնը երկուսին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ թե՛ հանրապետական մասշտաբով, թե երեւանյան, մենք գործ ունենք օրենքից դուրս գործող դե ֆակտո իշխանությունների հետ. «Գոնե իմ քաղաքացիական խնդիրը համարում եմ այն, որ մինչեւ հաջորդ ընտրություններ կունենանք դե յուրե իշխանություն, որ ես իմ մասնակցությամբ չկարողացա ապահովել այս վերջին ամիսների ընթացքում. «Իմ պարտությունը, թեեւ Հայաստանում ընդունված չէ ասել, նրանում էր, որ չկարողացա գոնե մինչեւ այսօր մասնակցել Հայաստանի Հանրապետության առաջին դե յուրե իշխանության ձեւավորմանը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ խորհրդարանական ընտրություններ պահանջո՞ւմ եք էլի՝ նա պատասխանեց, որ ոչ թե պահանջում է, այլ հրամայական է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ