Հայրենական Մեծ պատերազմի վետերան կապանցի Ժորա Մկրտչյանի համար առանձնահատուկ օր էր այսօր: Վաղ առավոտից հագել էր մեդալներով զարդաված պիջակն ու դուրս եկել տնից՝ վետերան ընկերների հետ մասնակցելու մարզկենտրոն Կապանում կազմակերպված տոնական միջոցառումներին:
89-ամյա վետերանը քաղաքում ամեն քայլափոխի մեծ ու փոքր եւ ծանոթ կամ անծանոթ կապանցիներից շնորհավորանքներ էր ստանում եւ ժպտացող դեմքով ու ուրախությամբ լի աչքերով հերթով բոլորին շնորհակալություն հայտնում: Խոստովանում է, որ մեծարված ու գնահատված զգալը մեծ ուրախություն է իրեն պարգեւում, թեեւ այսօր հպարտանալու եւ ցնծալու օր է, բայց պատերազմից մնացած դառը հուշերը նույնիսկ այսքան տարիներ անց եւ հաղթական այս օրով կրկին աչքի առաջ են գալիս, մի քանի ակնթարթում վերհիշում է իր գլխով անցած-գնացած աննախանձելի տարիները: Ընդամենը 17 տարեկան էր եւ դեռ դպրոցը չէր ավարտել, երբ նա մեկնեց ռազմի դաշտ: Ասում է՝ ոչ ոք իր ցանկությունն ու համաձայնությունը չհարցրեց այդ ժամանակ, դպրոցական նստարանից միանգամից խորհրդային բանակի շարքերն անցավ: Բաքու, Մախաչկալա, Խարկով, Կիեւ, Ռումինա… սրանք այն վայրերն են, որտեղ նա հայրենիքը թողնելուց հետո ոտք դրեց, բայց արդեն որպես խորհրդային բանակի զինվոր:
Կարդացեք նաև
«1942 թվականի աշնանը գնացի պատերազմ, նշված վայրերով շարժվեցինք մինչեւ Ռումինիա, որտեղ վիրավորվելուց հետո ինձ տեղափոխեցին Խարկովի հոսպիտալ: Երեք ամիս պառկեցի հոսպիտալում, բուժվելուց հետո ուղարկեցին Լենինգրադ եւ 415 օր շարունակ շրջափակման մեջ մնացինք: Դժվար օրեր էին, հաց չէինք ճարում ուտելու, խոտի սերմ էինք ուտում կորեկի չափի ու դրանով յոլա գնում: Պատերազմի տարիներին նեմեցների պահեստներից էինք պատուհաններով ուտելիքով լի արկղերը հանում ու էդ ուտելիքով սնվում: Լենինգրադից հետո Բաղրամյանի հրամանատարության տակ կռվեցի Լատվիայի, Լիտվիայի, Էստոնիայի տարածքում, կռվելով հասանք Բալթիկ ծովի մոտ, որտեղ էլ մայիսի 7-ին պատերազմը վերջացավ, իսկ մայսիսի 9-ին արդեն հայտարարեցին պատերազմի ավարտի մասին: Բայց ես 2 տարի ավել ծառայեցի, 1947 թվականին նոր վերադարձա Կապան ու անցա կոլխոզում աշխատանքի», – անցյալի հուշերով կիսվեց 89-ամյա կապանցի վետերանը:
Ժորա Մկրտչյանն արմատներով Կապանի տարածաշրջանի Բեխ գյուղից է, կնոջ հետ Կապանում է ծանոթացել եւ 1951թ.-ին ամուսնանալուց հետո նրա հետ միասին շարունակել է գյուղում ապրել, երեխաներ ունենալ ու ընտանիքի հոգսը քաշել: Այժմ 2 տղա ու 8 թոռ ունի, երկու տղաներն էլ Ռուսաստանում են ապրում, իսկ ինքը Կապանում իր թոռներից մեկի տանն է ապրում: Ասում է՝ ցանկացած պահի կարող էր մեկնել ու Ռուսաստանում հաստատվել, անվճար տուն կունենար, բարձր թոշակ կստանար եւ շատ ապահով կյանքով կապրեր, բայց նախընտրեց մնալ իր հայրենի հողում: Տնեցիները պատմում են, որ սիրում է անտառ գնալ, ժամանակի մեծ մասն անտառներում է անցկացրել, կանաչեղեն կամ անտառի այլ բարիքներից էր հավաքում ու բերում բոլորին հյուրասիրում: Բայց հիմա արդեն ուժը չի հերիքում ու Կապանի հսկայական անտառները ոտքի տակ տալ առաջվա պես չի կարողանում: Այժմ 89-ամյա Ժորա պապը շրջապատված է հարազատների հոգածությամբ ու ջերմությամբ, նրա հարազատներն ասում են, որ հերոս պաիկով շատ են հպարտանում եւ նրան պահելու ու խամելու հերթն արդեն վաղուց իրենց է հասել:
Հայրենական Մեծ պատերազմի վետերանն այսօր մի ցանկություն ունի, որ ներկա ու գալիք սերունդն պատերազմ չտեսնի եւ երբեք չապրի այն դաժան օրերը, որի միջով ինքն ու իր ռազմի դաշտի ընկերներն են անցել, որոնից շատերն իր աչքի առջեւ են զոհվել: «Էս սերունդին ցանկանում եմ քաջ առողջություն, երկրին խաղաղություն, սենց օրեր, որ մենք ենք տեսել, թող ոչ մեկը չտեսնի, լավ օրեր տեսնեն միայն…», -մաղթեց վետերանը:
Իսկ Կապանում այսօր ընդամենը 34 վետերան է կենդանի մնացել, որոնցից 3-ը կանայք են: Այսօր թերեւս ոչ բոլորն են կարողացել ներկա գտնվել տոնական միջոցառումներին, վետերաններից մի քանիսն առողջական խնդիրներ ունեն եւ տնից դուրս գալ չհաջողվեց: Սյունիքի մարզի վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ վետերանները ոչ միայն այսօր են իրենց գնահատված զգում, այլեւ՝ ամբողջ տարվա ընթացքում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ