Արդեն մի քանի ժամ է ինչ Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվան այգում, Զաքյան փողոց) եւ Սիրահարների այգում (Բաղրամյան փողոց) անցկացվում է՝ «Ռազմաճակատային լուսանկար՝ ընտանեկան արխիվից» ակցիան: Միջոցառումը կազմակերպվել է Համահայկական երիտասարդական միության և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացության կողմից։
Այսօր մինչև երեկոյան ժամը 21-00 այգիները կշարունակեն մնալ պատերազմական տարիների բեմականացված հրապարակների տեսքով: Ցանկացողները կարող են մասնակցել ակցիային: Տոնի մասնակիցների բերած ռազմական լուսանկարներն ի մի կբերվեն Երկրորդ համաշխարհային պարերազմի հիշողությունների բացառիկ ալբոմում:
Կարդացեք նաև
Հայաստանում գործող ռուսական բուհերի ասոցացիայի նախագահ Մ. Միրզոյանի փոխանցմամբ այս երկու այգիներում տեղի կունենան հանդիպումներ վետերանների հետ, պատերազմական սիրված երգերի համերգներ, ցանկացողները պատմական ֆոտոէքսկուրսիա կանցնեն Երկրորդ աշխարհամարտի փուլերով եւ կծանոթանան ընդհանուր Հաղթանակի գործում հայ հերոսների ավանդին: «Ծրագիրն արդեն 2-րդ անգամ է իրականացվում, սակայն որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով համերգային ծրագիր կիրականացվի միայն Կիրովի այգում»: Միրզոյանը հավաստիացնում է, որ նման ծրագրի իրականացումը պարզապես անհրաժեշտություն է. «Սա լավ հնարավորություն է, քանի որ ոչ միայն առկա են պատերազմի մասնակիցների նկարները, այլև նկարների տակ կա որոշակի տեղեկատվություն անհատի կենսագրությունից»:
Ինչ վերաբերում է լուսանկարների ապահովությանն ու ամրությանը Միրզոյանը պատասխանեց. «Առայժմ այնպիսի դեպք չի գրանցվել, որ որևէ լուսանկար փորձեն պոկել: Վերահսկողություն մեր կողմից կա: Նախորդ տարի եղել է, բայց խնդիրը ամրության մեջ էր: Այս տարի փորձել ենք ամուր փակցնել, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջանա»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ