Մայիսի 9-ը Հայաստանում նշում ենք Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ բանակի կազմավորման օրը: Այն նշանավորվում է նրանով, որ ադրբեջանցիները թիրախ էին ընտրել հենց Շուշիին և այստեղից գնդակածում էին Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Սակայն մեզ հաջողվեց ոչ միայն վերադարձնել մեր հայրենի հողը, այլև շարժվել առաջ: Եվ ահա Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
Ամեն տարի Մայիսի 9-ին հայ ժողովուրդը շտապում է Հաղթանակի զբոսայգի՝ վայելելու հաղթանակի բերկրանքը. «Հիշում եմ՝ մայրիկս ինձ, քրոջս ու եղբորս տարել էր հաղթանակի զբոսայգի: Միշտ երազում էի հրավառություն տեսնել… տեսա, մինչև հիմա ձայնն ականջներումս է: Տարիներ են անցել, բայց երբեք չեմ մոռանա այդ օրը. զինվորները շրջում էին քայլերթով, երեխաները ժպտում ուրախությունից և բոլորս կիսում էինք մեր տրամադրությունները»,- պատմում է Հասմիկ Ավետիսյանը: Հիշում է՝ հաճախ էր մասնակցում այդ օրվա տոնակատարություններին. «Գետամեջը՝ մեր գյուղը, Մայիսի 9-ը սովորաբար մեծ շուքով էր նշում: Արցախյան ազատամարտիկների հուշարձան կար, բոլորս գնում ու ծաղիկներ էինք դնում այնտեղ: Հետո սկսվում էր մեծ միջոցառումը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր բացակայում էին գյուղից, այդ օրն անպայման վերադառնում էին»,-հավելում է նա: Իսկ Ավետիք Բաղդասարյանն պատմում է. «Ծառայում էի խորհրդային բանակում: Մեզ ՝ զինվորներիս, խնձոր ու մանդարին բաժանեցին: Հիշում եմ՝ այդ օրը քայլերթ կազմակերպեցինք, քաղաքում աշխուժություն էր. ջահելները, փոքրերն ու մեծերը ամենուր մեզ էին դիտում ու ողջունում, իսկ մեզ նկարահանում էին. ծնողներս տեսել էին ինձ էկրանից: Իսկ այսօր ես եմ շնորհավորում բոլորիս տոնը, քանի որ մայիսի 9-ը իսկապես մեր հաղթանակի օրն է»,-ասում է նա: 19-ամյա Ակաթի Վահանյանն էլ ասում է. «Մեկ-մեկ մասնակցում եմ հաղթանակի զբոսայգում տեղի ունեցող միջացառումներին: Կարծում եմ՝ հայրենասեր և գիտակից մասսան անշուշտ կկարևորի այս տոնը, քանի որ այն մեծ հաղթանակ է, ցավոք, դա գիտակցում են շատ քիչ մարդիկ»:
Նազենի Բաղդասարյան